Պատրիարք Ալեքսիյ Բ-ի հոգեհանգստի արարողություն մատուցվեց Սբ. Էջմիածնում

15.12.2008, 20:07
Պատրիարք Ալեքսիյ Բ-ի հոգեհանգստի արարողություն մատուցվեց Սբ. Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Մոսկվայի և Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսիյ Բ Պատրիարքի հոգու խաղաղության համար, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սբ. Էջմիածնի առաջնորդարանի տեղեկատվական համակարգից:

«Մինչ հոգեհանգստի արարողությունը ներկաներին իր խոսքն ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով Ռուս Ուղղափառ Եկեղեցու նորոգ հանգուցյալ Հովվապետի կյանքին և գործունեությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սրբազան Հայրը կարևորությամբ ընդգծեց լուսահոգի Պատրիարքի հսկայական ավանդը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր վերազարթոնքի մեջ:

Եզնիկ Սրբազանը, մասնավոր անդրադարձ կատարելով Ալեքսիյ Բ Պատրիարքի միջկրոնական և միջեկեղեցական գործունեությանը, մասնավորապես խոսեց Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ կապերի և արդյունավետ համագործակցության մասին:

Սրբազան Հայրը նշեց նաև հանգուցյալ Ալեքսիյ Բ Պատրիարքի խաղաղասիրական գործունեության մասին և շեշտեց Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:

Սրբազան արարողությանը ներկա էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեպսան Նիկոլայ Պավլովը:

Ալեքսիյ Երկրորդը (աշխարհիկ անունն է Ալեքսեյ Միխայիլի Ռիդիգեր) Ռուսական Ուղղափառ Եկեղեցու 15-րդ պատրարքն է 1589 թ.-ին Ռուսաստանում պատրիարքության ընդունումից հետո։ Նա Պատրիարք է ընտրվել 1990 թ.-ի ամռանը Ռուսական Ուղղափառ Եկեղեցու տեղական տաճարում։-0-