Էրմիտաժը պատրաստ է օգնել Հայաստանին հնագիտական գտածոների վերաբերյալ միասնական տեղեկատվական կատալոգ ստեղծելու գործում

Պետական Էրմիտաժը պատրաստ է օգնել Հայաստանին Կարմիր բլուր և Էրեբունի բնակավայրերի տարածքներում հայտնաբերված հնագիտական գտածոների վերաբերյալ միասնական տեղեկատվական կատալոգ ստեղծելու գործում, տեղեկացրեց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:
«15 օր առաջ ՀՀ մշակույթի նախարարի անունով մի նամակ եկավ Պիոտրովսկուց, ով խնդրում էր աջակցել տվյալ ծրագրի իրականացմանը»,- հայտնեց Փիլիպոսյանը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ թարգմանությունների, հրատարակությունների և լուսանկարների կատարումը ծրագրվում է իրականացնել ռուսական կողմի միջոցներով, ընդ որում այս թեմայի շուրջ հրապարակումների կամ հրատարակությունների 50%-ը կտրվի հայկական կողմին:
Փիլիպոսյանը նաև հայտնեց, որ վերջին 50 տարում Եվրոպայի հեղինակավոր թանգարաններին Արևմտյան Հայաստանից վաճառվել է Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի զգալի քանակության առարկաներ։
Այդ իսկ պատճառով, թանգարանի տնօրենի խոսքերով, ծրագրվում է նաև Վանի թագավորության՝ աշխարհի տարբեր թանգարաններում պահվող մշակութային նմուշների միասնական կատալոգ ստեղծել։
Կարմիր բլուրը գտնվում է Հրազդանի ձախ ափին, Երևան քաղաքի արևմտյան ծայրամասում։ 1936 թ.-ին Կարմիր բլուրում Արգիշտի Բ-ի որդու՝ Ռուսա թագավորի անունով ուրարատական սեպագիր արձանագրություն է գտնվել (մթա 7-րդ դար)։
«Կարմիր բլուր» պատմավայրը «Էրեբունի»թանգարանի մի մասն է։ 1930-ականների վերջից մինչև 1971 թվականը հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու անցկացրած պեղումների արդյունքում այստեղ մթա 7-րդ դարին, այսինքն՝ Վանի թագավորության երկրորդ ժամանակաշրջանին վերաբերող առարկաներ են հայտնաբերվել։
Էրեբունին Ուրարտու պետության հինավուրց քաղաքն է, որի փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ Քաղաքը կառուցվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ մ.թ.ա. 782 թ.-ին՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։
1950թ. պեղումների արդյունքում բացվել են ամրոցի հզոր պատերը՝ դարպասներով, պալատը, երկու տաճար և տնտեսական շինություններ։ Էրեբունու տարածքը վերածվել է հնագիտական արգելոց-թանգարանի։--0—