ՌԴ Սահմանադրական մոդելը կարող է օրինակ ծառայել անցումային երկրների համար. ՀՀ ՍԴ նախագահ

Ռուսաստանի սահմանադրական զարգացումը կայուն ու դինամիկ է և կարող է արժանի օրինակ ծառայել այլ զարգացող ժողովրդավարությունների համար, կարծում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Ելույթ ունենալով ՌԴ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում՝ նա հայտարարեց, որ սահմանադրական զարգացումը Ռուսաստանում «կայուն է ու դինամիկ», այն թույլ չի տվել «սոցիալական կատակլիզմներ և կարող է արժանի ու լիարժեք օրինակ լինել զարգացող ժողովրդավարությունների համար», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսաստանի Սահմանադրական դատարանն առաջամարտիկ դարձավ անցումային երկրների համապատասխան ինստիտուտների համար»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքերով, ռուսական Սահմանադրական դատարանն ապացուցեց, որ «սահմանադրական դեֆիցիտի պատճառները պետք է ոչ թե Սահմանադրության տեքստում փնտրել, այլ իրավական համակարգի թերություններում, իրավակիրառական պրակտիկայի անկատարությունում»։
«Սահմանադրության տեքստը երբեք կատարյալ չի լինում, և գլխավոր խնդիրը Սահմանադրության համակարգային ամբողջականությունն ապահովելն է»,- ընդգծեց նա։
ՀՀ ՍԴ ղեկավարի խոսքերով, «Ռուսաստանի սահմանադրական մոդելը լիովին արդարացրել է իրեն և ժողովրդավարական բարեփոխումների, բազմազգ երկրի ամբողջականության երաշխիք դարձել՝ թույլ չտալով հասարակական կատակլիզմներ և բազմերանգ հեղափոխական բռնկումներ»։
Չնայած նրան, որ ռուսական Սահմանադրությունը լիովին չի արտացոլում այսօրվա իրականությունը, Ռուսաստանը հետխորհրդային պետություններից միակն է, որ «ժառանգել է սահմանադրական զարգացման ավելի ռացիոնալ և դինամիկ ուղի,»- կարծում է ՀՀ ՍԴ ղեկավարը։ --0--