Հայաստանի օմբուդսմենը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Երևանի զանգվածային անկարգությունների մասնակցության մեջ մեղադրված յոթ անձանց գործով դատական գործընթացը

12.12.2008, 15:40
Հայաստանի օմբուդսմենը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Երևանի զանգվածային անկարգությունների մասնակցության մեջ մեղադրված յոթ անձանց գործով դատական գործընթացը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ մտադիր է վերահսկողության տակ առնել Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրված յոթ անձանց գործով դատավարությունը։

«Թող դատարանն իր գործն անի, սակայն մենք ամենօրյա և հետևողական վերահսկողության տակ կառնենք այդ գործով դատական գործընթացը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ սա այն դեպքն է, երբ բոլոր իրավապաշտպան կառույցներն ու մամուլը կարող են ամենօրյա, հետևողական, մասնագիտական գործունեության միջոցով, առանց որևէ շոուի, լուրջ արդյունքի հասնել՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից։

Նրա խոսքերով, այդ գործերով դատավարությունների դիտարկումը ցույց է տվել, որ «մեղադրող կողմի ապացոցուղական բազան համոզիչ չէ, իսկ դատարանները միշտ պաշտպանում են մեղադրողի մոտեցումները»։

Հարությունյանը նշեց, որ դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեությունը պետք է հավասարակշռվի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։

Նա ասաց, որ ողջունում է զանգվածային անկարգությունների մասին գործերով դատապարտյալների նկատմամբ ինչպես ներում շնորհելու, այնպես էլ համաներման ինստիտուտի կիրառումը, սակայն այս դեպքում նախընտրելի է համաներումը։

Նրա խոսքերով, այդ ինստիտուտներից յուրաքանչյուրը նախատեսված է հատուկ դեպքի համար, և եթե մարդն իսկապես զղջում է արածի համար, ապա ցանկալի է, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ներում։

«Իսկ եթե դա տեղի է ունենում ստիպողաբար, ապա ոչ մի դեպքում այն չի նպաստի հասարակության համախմբմանը», - կարծում է Մարդու իրավունքների պաշտպանը։

«Ես համաներման կողմնակից եմ, քանի որ այն չի պահանջում և չի պարտադրում մարդուն՝ ընդունել մեղքը», - ասաց Հարությունյանը։

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող յոթ անձանց, այդ թվում նաև ԱԺ երեք պատգամավորների և ՀՀ ԱԳ նախկին ղեկավարի քրեական գործերի քննումը կսկսվի դեկտեմբերի 19-ին։

Միասնական գործի շրջանակներում կքննվեն պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1 և 2 մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը կքննի ՀՀ ԱԳ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ՝ զուգորդված սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում), ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի և Շանթ Հարությունյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3 մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։-0-