Ադրբեջանը բացահայտ կերպով խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի պայմանները. ՀՔԴՄ ղեկավար
Ադրբեջանը բացահայտ կերպով խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի պայմանները, կարծում է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Ադրբեջանը ոչ միայն խախտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի պայմանները, սահմանված քվոտաները գերազանցելով տասնյակ անգամներ, այլև դա անում է բացահայտ կերպով»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։
Նրա խոսքերով, Ադրբեջանին զենք մատակարարող երկրները ստիպված կլինեն պատասխանատվություն կրել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար։
«Հայաստանի իշխանությունները պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն Ադրբեջանի անթաքույց և անվերահսկելի զինման վրա»,- նշեց կուսակցության առաջնորդը։
Հարությունյանը նշեց, որ խաղաղության ապահովումը Ղարաբաղյան հակամարտության թիվ մեկ խնդիրն է։ Նրա խոսքերով, դրան են ուղղված ԵԱՀԿ անդամ-պետությունների արտգործնախարարների Հելսինկյան հայտարարությունն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը։
«Խաղաղությունը խախտողը պետք է պատասխանատվություն կրի միջազգային հանրության առաջ»,- ասաց ՀՔԴՄ առաջնորդը։
Խոսելով տարածաշրջանում կայունության ապահովման ռուսական կողմի դերի մասին՝ Հարությունյանն ասաց, որ «Ռուսաստանն իր վրա է վերցրել Հարավային Կովկասում խաղաղության ապահովման երաշխավորի դերը, և մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության հարցում, ուզենք, թե չուզենք»։ --0--