Հայաստանը և Բուլղարիան մտադիր են վերափոխել ապրանքաշրջանառության ներկայիս կառուցվածքն ու զարգացնել փոխգործակցությունը

11.12.2008, 10:31
Հայաստանը և Բուլղարիան մտադիր են վերափոխել ապրանքաշրջանառության ներկայիս կառուցվածքն ու զարգացնել փոխգործակցությունը
Հայաստանը և Բուլղարիան մտադիր են վերափոխել ապրանքաշրջանառության ներկայիս կառուցվածքն ու զարգացնել փոխգործակցությունը

Հայաստանի և Բուլղարիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Գեորգի Պրվանովը կարծում են, որ երկրները պետք է վերափոխեն ապրանքաշրջանառության կառուցվածքն ու զարգացնեն տնտեսական փոխգործակցությունը։

Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիա։ Նախագահի ղեկավարած պաշտոնական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարարները, պաշտոնական այլ անձինք, ինչպես նաև հայտնի բուլղարուհի լրագրող Ցվետանա Պասկալևան:

«Հայաստանի և Բուլղարիայի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը և ապրանքաշրջանառությունը, որը կազմում է շուրջ 150 միլիոն դոլար, հետ է մնում քաղաքական երկխոսության մակարդակից», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Բուլղարիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2008 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 52,8 տոկոսով՝ 2007 թ.-ի հունվար-հոկտեմբերի ամիսների համեմատ և կազմել 1525,3 մլրդ դրամ։ Միաժամանակ Բուլղարիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության տեսակարար կշիռն, ընդհանուր առմամբ, կազմել է 3,4 տոկոս։

Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ շրջանակներում հայ-բուլղարական համագործակցությունը: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի նախագահին և ասել է, որ պատմության տարբեր դժվար փուլերում բուլղարական ժողովուրդը լավ է վերաբերվել, լավ է ընդունել հայերին, ովքեր կարողացել են լիովին ինտեգրվել երկրի կյանքում։

Բուլղարիայի նախագահը ևս բարձր է գնահատել բուլղարահայկական հարաբերությունները և նշել է, որ երկու ժողովուրդների միջև առկա վստահության բարձր աստիճանը թույլ է տալիս նոր ծրագրեր ձեռնարկել ընդգրկուն բովանդակությամբ:

Երկու երկրների նախագահները ընդգծել են գործադիր իշխանության մարմինների և գործարար շրջանակների համագործակցության խթանումը և նշել են, որ վաղը Սոֆիայում անցկացվելիք բիզնես ֆորումը լավ հնարավորություն կընձեռնի գործարարներին ծանոթանալու, ուսումնասիրելու և համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար:

Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմական շատ ընդհանրություններ, ընդհանուր խնդիրներ ունեն և շատ դեպքերում նաև միասին են դիմակայել մարտահրավերներին: ՀՀ նախագահն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն նաև ընդհանուր ապագա, և այդ ապագան կառուցված է երկու ժողովուրդների կողմից դավանած ընդհանուր արժեքների վրա, որոնք են քրիստոնեական արժեքները, ժողովրդավարական արդի համակարգը, ազատականությունը, ինչը թույլ է տալիս նայել առաջ:

Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են առկա լավ իրավապայմանագրային դաշտը։

Երկու երկրների միջև գործում են շուրջ հիսուն պայմանագրեր, որոնք այսօր համալրվել են ևս չորս փաստաթղթերով, որոնցից մեկը վերաբերում է 2009թ-ին Հայաստանում Բուլղարիայի մշակույթի օրերի և 2010թ-ին Բուլղարիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման ծրագրին:

«Ստորգրված մյուս երեք փաստաթղթերը վերաբերել են քաղաքացիական ծառայության, պետական կառավարման ոլորտում համագործակցությանը, երկու երկների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելուն,  ինչպես նաև ազգային արխիվների բնագավառում համագործակցությանը», - ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ։-0-