Կրկնակի քաղաքացիությամբ անձինք չեն կարողանա զբաղեցնել ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը. փոխնախարար

Անձինք, ովքեր ՀՀ քաղաքացիության հետ մեկտեղ նաև այլ երկրների հպատակություն ունեն, չեն կարողանա զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը, հայտնեց ՀՀ տարածքային վարչության առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Երևանի քաղաքապետի պաշտոնին կարող են հավակնել միայն 30 տարին բոլորած ՀՀ քաղաքացիները, ովքեր Երևանի Ավագանու խորհրդի անդամներ են։ Եթե Ավագանու խորհրդի անդամների դեպքում նրանց թույլատրվում է կրկնակի քաղաքացիություն ունենալ, ապա քաղաքապետի դեպքում ուղղակի արգելք է դրվում»,- չորեքշաբթի ասաց նա «Երևանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ։
Փոխնախարարի խոսքերով, քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Ավագանու խորհրդում տեղերի բացարձակ մեծամասնություն (50 տոկոս գումարած մեկ տեղ) ստացած քաղաքական կուսակցության ցուցակում առաջին համարը։ Տերտերյանը տեղեկացրեց, որ եթե քաղաքական կուսակցություններից ոչ մեկը տեղերի բացարձակ մեծամասնություն չհավաքի, ապա քաղաքապետի պաշտոնին կառաջադրվեն Ավագանու խորհուրդ անցած կուսակցությունների ցուցակներից առաջին համարները։
Նա ասաց, որ օրինագծով փոխվում է ՀՀ մայրաքաղաքի անմիջական կարգավիճակը և ներկայիս 12 քաղաքային համայնքներով առանձին մարզի կարգավիճակից Երևանը կանցնի 12 վարչական շրջաններով համայնքի կարգավիճակի։
Փոխնախարարը նշեց, որ տեղական ինքնակառավարումը Երևանում կիրականացնեն քաղաքապետն ու Ավագանու խորհուրդը, որը մայրաքաղաքային տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է։ Նրա խոսքերով, Ավագանու խորհուրդը բաղկացած կլինի քաղաքական կուսակցությունների համաչափ ցուցակներից ընտրվող 65 անդամից։ Տերտերյանն ավելացրեց, որ Ավագանու խորհրդում տեղերը կբաշխվեն ստացված ձայներին համապատասխան։
«Ավագանու խորհրդի լիազորությունների ժամկետը 4 տարի կկազմի, իսկ քաղաքապետը կընտրվի իրեն ընտրած Ավագանու խորհրդի լիազորությունների ուժի մեջ լինելու ժամկետով»,- ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ փոխնախարարը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը կարող է լուծարել Ավագանու խորհուրդը, եթե մարմինը 4 ամիս շարունակ նիստեր չի գումարում և որոշումներ չի ընդունում, եթե Խորհուրդը քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրում կամ առաջադրված թեկնածուն բավականաչափ թվով ձայներ չի հավաքել։
Նա ընդգծեց նաև, որ Խորհրդի անդամների գործունեությունն իրականացվում է հասարակական սկզբունքներով և վճարովի չէ։ Տերտերյանի խոսքերով, Ավագանու խորհրդում ՀՀ խորհրդարանի նմանությամբ կգործի 4 մշտական հանձնաժողով և կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ երկու ամսից ոչ ավել ժամկետով։
Խորհրդում նաև կարող է հանձնաժողով ստեղծվել առավել կարևոր հասարակական իրադարձությունների ուսումնասիրման համար, որը կարող է գործել կես տարուց ոչ ավել ժամկետով։
ՀՀ խորհրդարանը անցյալ տարվա դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունել է «Երևանում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մասին» օրինագիծը։ Օրինագծի երկրորդ ընթերցմամբ դիտարկումը հետաձգվել է փաստաթղթի մշակումների և եվրոպական կառույցների հետ համաձայնեցնելու պատճառով։ --0--