ՀՀ վարչապետը կառավարական պարգևներ է հանձնել «Լինսի» հիմնադրամի մի շարք ներկայացուցիչների

10.12.2008, 13:37
ՀՀ վարչապետը կառավարական պարգևներ է հանձնել «Լինսի» հիմնադրամի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ընդունել է «Լինսի» հիմնադրամի շրջանակներում իրականացված  աշխատանքներում աչքի ընկած և ՀՀ նախագահի կողմից պետական բարձր  պարգևների արժանացած մի շարք անձանց՝ շնորհավորելով և նրանց հանձնելով պարգևները:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահի հրամանագրով «Լինսի» հիմնադրամի շրջանակներում իրականացված, ՀՀ տնտեսության զարգացման համար նշանակալի աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի է արժանացել «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարություն Սասունյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի են արժանացել «Ճանապարհաշինություն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Էդուարդ Բեզոյանը և «Դպրոցաշինություն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Հրայր Սարգսյանը: Մի շարք ընկերությունների ղեկավարներ և շինարարության ոլորտի աշխատողներ պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ նախագահի կարգադրությամբ «Լինսի» հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում  իրականացված մեծածավալ աշխատանքները բարեխղճորեն և պատշաճ որակով կատարելու համար շուրջ երկու տասնյակ ընկերությունների ղեկավարներ և շինարարության ոլորտի աշխատողներ պարգևատրվել են ՀՀ նախագահի շնորհակալագրով:

Վարչապետի խոսքերով, բոլոր  պարգևատրվածների աշխատանքը եղել է նպատակային ու արդյունավետ, տեսանելի՝  մեր ժողովրդի համար, այդ պատճառով էլ բարձր է գնահատվել ՀՀ նախագահի  կողմից։

Ընդգծելով, որ  համաշխարհային ֆինանսական և տնտեսական  ճգնաժամի պայմաններում 2009 թվականը բարդ տարի է լինելու,  իսկ շինարարությունը, այդ թվում՝ դպրոցաշինությունը, ճանապարհաշինությունը և այլ ենթակառուցվածքների շինարարությունը, եկող տարվա ընթացքում հանդիսանալու է մեր  երկրի  նախապատվություններից մեկը, վարչապետը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը կարող է նպաստավոր լինել հակաճգնաժամային միջոցառումների  իրականացման առումով:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ պետական պարգևների արժանանալու կապակցությամբ  և անձնական ու աշխատանքային նոր հաջողություններ մաղթել նրանց:

Լինսի հիմնադրամը ֆինանսավորվում է հայկական ծագմամբ ամերիկյան գործարար, միլիարդեր Քըրք Քըրքորյանի կողմից։ «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագիրը 2001-2003թթ. կազմել է 150 մլն. ԱՄՆ դոլար։

Ներկայումս, իրականացման փուլում է գտնվում հիմնադրամի երկրորդ ծրագիրը, որն արժե 60 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցներով իրականացվելու է երեք նախագիծ. ճանապարհաշինություն՝ 20 մլն., Երևանի փողոցների վերականգնում՝ 20 մլն., և դպրոցների բարեկարգում (նույն արժողությամբ)։--0—