ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարներն աջակցում են Եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

10.12.2008, 13:12
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարներն աջակցում են Եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարներն աջակցում են Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը, ասաց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի ժամանակ։

«Նիստի մասնակիցները, ղեկավարվելով 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի մոսկովյան նստաշրջանի հռչակագրի դրույթներով, հաստատում են իրենց աջակցությունը Եվրոպական անվտանգության մասին՝ իրավաբանորեն պարտավորեցնող ուժ ունեցող պայմանագրի ստորագրման վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությանը, որը թույլ կտար Եվրոատլանտիկայում ստեղծել հավաքական անվտանգության միասնական և վստահելի համակարգ», - ասաց Պատրուշևը։

Նրա խոսքերով, ՀԱՊԿ անդամ-պետությունները, ելնելով եվրոատլանտյան տարածքում գործող բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների հավասար մասնակցությամբ փաստաթղթի մշակման անհրաժեշտությունից, ողջունում են անվտանգության ապագա ճարտարապետության քննարկման նպատակով ԵԱՀԿ տարածքում ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներգրավմամբ համաեվրոպական գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ ռուս-ֆրանսիական նախաձեռնությունը։

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին ամենակարևորը համարեց այն, որ Հավաքական անվտանգության խորհուրդը այսուհետ արդյունավետ կզարգանա։

«Մենք լսեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղեկատվությունը և մի քանի որոշումներ ընդունեցինք ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար։ Մենք խոսել ենք մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համակարգման կենտրոնի ստեղծման մասին», - ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքերով, դա առաջին հերթին վերաբերում է թմրանյութերի անօրինական շրջանառությանը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, անօրինական միգրացիային հակազդելուն, տեղեկատվական անվտանգության, սահմանային անվտանգության և մաքսային վերահսկողության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հարցերին։

Բաղդասարյանը նշեց, որ Հանձնաժողովի նիստին քննարկվել են նաև հավաքական տարածաշրջանային հակաահաբեկչական ուժերի և արտակարգ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանն առնչվող հարցեր։-0-