Վրաստանն արդար որոշում կընդունի հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու վերաբերյալ. Վրաստանի նախագահի խորհրդական

Հայկական Սբ.Նորաշեն եկեղեցու վերաբերյալ վրացական հասարակության վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է, ասել է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը։
«Ես համոզված եմ, որ վրացական հասարակությունն արդեն փոխում է իր կարծիքը, և Նորաշեն եկեղեցու վերաբերյալ արդար որոշումը կընդունվի մոտ ժամանակներս», - նախօրեին Թբիլիսիում ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքերով, Նորաշեն եկեղեցու վրացական արմատների մասին մամուլում շրջանառվող մշտական տեղեկությունները համապատասխան կերպով են տրամադրել հասարակությանը, սակայն վրացի գիտնականների այսօրվա հայտարարությունների ազդեցության արդյունքում ժողովրդի կարծիքը սկսել է փոխվել։
«Այսօրվա թերթերում հայտնի աստվածաբան Լևան Աբաշիձեն հայտարարել է այն մասին, որ Նորաշենը հայկական եկեղեցի է, և դա առաջին նման հրապարակումը չէ», - ընդգծել է նա։
Միաժամանակ վրացի նախագահի խորհրդականը նշել է, որ վրացի գիտնականների մի մասը կարծում է, որ Նորաշեն եկեղեցին կառուցվել է վրացական եկեղեցու փլատակների վրա, այն դեպքում, երբ այլ վրացի փորձագետներ պնդում են, որ 15-րդ դարում Վրաստանում հողի պակաս չկար, այդ պատճառով հայերը կարող էին հող ձեռք բերել եկեղեցի կառուցելու համար։
Ընդգծելով հարցի նրբությունը՝ Բայբուրդը նշել է, որ այն չպետք է առճակատումների պատճառ դառնա։
«Եվ հայերը, և վրացիները շատ թշնամիներ ունեն, և շատերը ցանկանում են չնչին առիթն անգամ օգտագործել՝ երկու ժողովուրդների հարաբերությունները առճակատումների մակարդակի հասցնելու համար», - ասել է նա։
Սբ. Նորաշեն եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ականներին եկեղեցին այլ կրոնական շինությունների հետ միասին փակվել է և վերածվել գրապահոցի։
Այս տարվա մայիսին Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները սկսեցին եկեղեցու շուրջ մետաղական ցանկապատում անցկացնել վրացական եկեղեցուն բնորոշ զարդանախշերով։
Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը որակել է այդ քայլը որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:
Բայբուրդի խոսքերով, Նորաշեն եկեղեցու հարցում յուրաքանչյուր ոտնձգություն կամ հարաբերությունների թեժացում կապված է բացառապես հայր Տարիել Սիկինչելաշվիլու գործունեության հետ։
«Ես մի քանի անգամ ականատեսն էի այն բանի, թե ինչպես Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Երկրորդը նախատել է նրան և արգելել շարունակել գործունեությունը, սակայն նա ինքնակամ շարունակել է աշխատանքը», - ասել է նա։
Այս առնչությամբ Բայբուրդը հայտարարել է, որ վրացական կողմի կարծիքով, հայր Տարիելի ետևում ինչ-որ մեկը կանգնած է և նա «պարում է ուրիշի նվագի տակ», ինչով վնասում է առաջին հերթին Վրաստանին։
«Լիովին բացառվում է, որ Տարիելի ետևում կանգնած լինեն վրացական իշխանությունները, նա միանգամայն անկառավարելի անձ է։ Այսօր նրան պաշտոնապես արգելված է որևէ աշխատանք իրականացնել», - ընդգծել է Բայբուրդը։-0-