Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա պետական և ազգային բարձրագույն արժեք. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հայաստանում մարդու իրավունքնեի պաշտպանությունը պետք է դառնա պետական և ազգային բարձրագույն արժեք, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հույս է հայտնել, որ ՀՀ- ում մարդու իրավունքների պսշտպանությունն, ի վերջո, կդառնա պետական և ազգային բարձրագույն արժեք, որի նկատամամբ գերատեսչական, քաղաքական կամ անձնական շահերը երկրորդական են», - հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2008 թ.-ի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը։
«Ամբողջ աշխարհի իրավապաշտպան կազմակերպությունները և բազմապիսի իրավապաշտպան շարժումները կոչ են արել աշխարհի կառավարություններին՝ վերանայել իրենց մոտեցումները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նկատմամբ: Amnesty International-ն արձանագրում է, որ մարդիկ շարունակում են ձերբակալվել այն վարչակարգերի կողմից, որոնք պարբերաբար ոչ միայն անտեսում են սեփական օրենքները, այլև ազատ խոսքի և քաղաքական գործունեության շուրջ ընդունված միջազգային պարտավորվածությունները», - ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ։
Գրասենյակից մեջբերեցին Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Իրեն Խանի խոսքերը, որը հայտարարել է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակն այն առիթն է, երբ կառավարությունները պետք է ներողություն խնդրեն վեց տասնամյակի ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների համար և թարմացնեն 1948 թ. իրենց տված խոստումները։-0-