Հայ մտավորականությունը բաց նամակով դիմել է Թուրքիայի նախագահին
Հայ մտավորականությունը բաց նամակ է ուղղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, ըստ որի միայն Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում է հնարավոր հայ և թուրք ժողովուրդների երկխոսությունն ու հաշտությունը։
Բաց նամակը ստորագրել են հայ մտավորականության շուրջ 300 ներկայացուցիչներ, այդ թվում այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը, գրողներ Պերճ Զեյթունցյանը և Զորի Բալայանը։
Նամակում նշվում է, որ «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործադրված ահռելի ոճիր է, և ներկայիս թուրք պետությունը ժառանգաբար պատասխանատու է այդ արարքի համար»։
«Թուրքիայի ընթացիկ դիվանագիտությունը և քարոզչական մեքենան չեն կարող փակել մեր հավաքական պատմության մռայլ էջը», - ասվում է փաստաթղթում։
Նամակում հույս է հայտնված, որ թուրքական ղեկավարությունը ուժ կգտնի իր մեջ՝ ընդունելու անհերքելի ճշմարտությունն ու մեկ անգամ և ընդմիշտ վերջ տա Հայոց Ցեղասպանության մերժման իր այսօրվա քաղաքականությանը։
1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-