Հայաստանում անչափահասների կողմից իրագործված հանցագործությունների թիվը վերջին 10 տարում կրկնակի անգամ կրճատվել է. Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անչափահասների կողմից իրագործված հանցագործությունների թիվը վերջին 10 տարում կրկնակի անգամ կրճատվել է, հայտնեց ՀՀ ոստիկանության քրեահետախուզական գլխավոր վարչության երրորդ բաժանմունքի պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը։
«Վերջին 10 տարում անչափահասների կողմից իրագործված հանցագործությունների թվի հետևողական կրճատում է գրանցվում։ Եթե 1997 թ.-ին անչափահասների կողմից իրագործվել է 741 հանցագործություն, ապա 2007 թ.-ին՝ 563 հանցագործություն, իսկ 2008 թ.-ի 10 ամսում՝ 378 հանցագործություն»,- երեքշաբթի Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցով խորհրդարանական առաջին լսումների ժամանակ ասաց նա։
Դուրյանը տեղեկացրեց, որ «Աբովյան» քրեակատարողական հաստատությունում գործած հանցանքների համար իրենց պատիժն են կրում 30 անչափահասներ։ Ընդ որում գնդապետը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է ոչ միայն անչափահասների կողմից իրագործված հանցագործությունների ընդհանուր թվի, այլև ծանր հանցագործությունների թվի կրճատում։
«Անչափահասների հանցագործության գնալու հիմնական պատճառն այն է, որ ծնողը ծուլանում կամ չի ցանկանում հետևել երեխայի վարքին, զերծ պահել նրան հասարակության բացասական ազդեցությունից, լուծել զբաղվածության խնդիրը»,- ընդգծեց նա։
Դուրյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերի ստորաբաժանումը միջոցառումներ է անցկացրել անչափահասներին հակաիրավական գործողություններ կատարելուց ետ պահելու և հասարակության համար օգտակար մարդիկ ձևավորելու գործին աջակցելու համար։
Վարչության պետի տեղակալն ասաց, որ վարչության 250 աշխատակից մշտապես աշխատում է թափառաշրջիկների, մուրացկանների, անչափահասների հետ, ովքեր իրավախախտումներ ու հանցագործություններ են կատարել։
Գնդապետի խոսքերով, վարչության աշխատակիցները մշտապես վերահսկում են 1473 դպրոցներ, որտեղ սովորում է ավելի քան 408 հազար երեխա։ Այս դպրոցներում, ինչպես հայտնեց Դուրյանը, մշտապես երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառումներ, դասեր ու դասախոսություններ են անցկացվում։
«Թմրամոլությունն անչափահասների շրջանում մտահոգիչ հարց չէ Հայաստանի համար, այս տարի ընդամենը 5 նման դեպք է հայտնաբերվել։ Սակայն ՀՀ ոստիկանությունը մշտապես պրոֆիլակտիկ միջոցառումներ է անցկացնում դպրոցականների և ուսանողների շրջանում թմրամոլության տարածման վերաբերյալ»,- ընդգծեց Դուրյանը։
Ինչպես ասաց Դուրյանը, անչափահաս մուրացկանների խնդրի լուծումը առաջնահերթային է, և այն չպետք է դիտարկել որպես միայն Ոստիկանության խնդիր։
2007թ. արդյունքներով Հայաստանի 3,2 մլն բնակչության ընդհանուր թվի 1,3 միլիոնը երեխաներն են (մինչև 18 տարեկան)։-0-