«Մինչև հոգիների աճուրդը» վեպ-պատկերապատումի շնորհանդեսը տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա Տիգրան Մանգասարյանի հեղինակած «Մինչև հոգիների աճուրդը» վեպ-պատկերապատումի շնորհանդեսը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, վեպը գրված է Հայոց ցեղասպանության ականատես Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա, որն առաջին անգամ լույս է տեսել 1918թ. Նյու Յորքում` անգլերեն լեզվով:
Հայոց ցեղասպանության ականատեսի փաստավավերագրական այս հուշագրությունում հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափների ու զրկանքների մասին:
Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա 1918թ. Կալիֆոռնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերության ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց ցեղասպանության թեմայով առաջին «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որի շնորհանդես - ցուցադրությունը տեղի ունեցավ 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ:
Տիգրան Մանգասարյանի հեղինակած գրաֆիկական վեպը լույս է ընծայվում «Հոգիների աճուրդ» ֆիլմի նկարահանման 90- ամյակի առթիվ:-0-