Հայաստանին երեխաների իրավունքների պաշտպանության գործուն ծրագիր է անհրաժեշտ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

09.12.2008, 18:34
Հայաստանին երեխաների իրավունքների պաշտպանության գործուն ծրագիր է անհրաժեշտ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ
Հայաստանին երեխաների իրավունքների պաշտպանության գործուն ծրագիր է անհրաժեշտ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին երեխաների իրավունքների պաշտպանության գործուն ազգային ծրագիր է անհրաժեշտ, կարծում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Գիլանին։

«Անհրաժեշտ է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում քայլեր ձեռնարկել, ինչի համար գործուն ազգային ծրագիր է անհրաժեշտ և դրա կատարմանն էլ հետևել է պետք»,- երեքշաբթի մարդու իրավունքների պաշտպանության հարցով խորհրդարանական առաջին լսումների ժամանակ ասաց նա։    

Մոշիրի-Գիլանիի խոսքերով, Հայաստանում բազմաթիվ կազմակերպություններ են գործում, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ և որոնց միջև սերտ համագործակցություն է պետք հաստատել։

Ինչպես կարծում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը, որքան սերտ լինի համագործակցությունն այդ կազմակերպությունների միջև, այնքան ավելի արդյունավետ կլինի երեխաների իրավունքների պաշտպանությունը։  

Մոշիրի-Գիլանին տեղեկացրեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր հերթին ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի երեխաները չհայտնվեն Հայաստանի մանկատներում՝ ապահովելով նրանց ծնողական հոգատարությամբ։

Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, կառավարության և բոլոր շահագրգիռ անձանց գործողությունների միասնականությունը։  

Միևնույն ժամանակ նա նշեց, որ երեխաների իրավունքների խախտման և երեխաների դեմ բռնության դեպքերը Հայաստանում լիարժեք կերպով չեն լուսաբանվում կամ ընդհանրապես չեն լուսաբանվում։ Մոշիրի-Գիլանին ավելացրեց, որ Հայաստանը միակ երկիրը չէ, շատ պետություններում տվյալ խնդրին բավականաչափ ուշադրություն չի հատկացվում։  

«Խորհրդարանականները մեծ դեր են խաղում հասարակական կյանքում և կարող են փոխել ավանդական պատկերացումներն այն մասին, թե երեխաների ու կանանց հանդեպ բռնությունը սովորական երևույթ է»,- ընդգծեց նա։

2007թ. արդյունքներով Հայաստանի 3,2 մլն բնակչության ընդհանուր թվի 1,3 միլիոնը երեխաներն են (մինչև 18 տարեկան)։-0-