Երևանյան բուհերը միացված են մեկ միասնական գիտահետազոտական ու կրթական օպտիկամանրաթելային ցանցով

Երևանի 31-րդ բուհը միացվել է մեկ միասնական գիտահետազոտական ու կրթական օպտիկամանրաթելային ցանցին, երեքշաբթի շնորհանդեսի ժամանակ ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համակարգող, դեսպան Կոնսուելո Վիդալը։
Գիտահետազոտական և կրթական «ARENA» ցանցը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի, գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի ջանքերով։ Այս նախագիծը 1 Գբ/վ արագությամբ միասնական օպտիկամանրաթելային ցանցում 35 բուհ և 48 գիտահետազոտական կենտրոն է միավորում։
«Այս նախագիծը հնարավորություն կտա կրթությունն ու հետազոտական գործունեությունը Հայաստանում բարձրացնել միջազգային մակարդակի»,- ասաց Վիդալը։
Նրա խոսքերով, ARENA (Armenian Research and Education Networking Association) ցանցը իրեն միացած բուհերի համար շատ նոր հնարավորություններ կբացի, ինչպիսին են տեսահամաժողովների անցկացումը, հեռակառավարվող կրթության կազմակերպումը, օն-լայն թեստավորման անցկացումը և այլն։ Ինչպես նշեց Վիդալը, ցանցին կմիանան նաև երկրի առաջատար գրադարանները։
Իր հերթին, ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նշեց, որ ցանցը թույլ կտա մեծ թվով միջբուհական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև կնպաստի Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը։
«Այս համակարգը մեզ հնարավորություն կտա շատ արագ, ազատ և լայնամասշտաբ կապ հաստատել բոլոր համագործակցող բուհերի հետ»,- ասաց նա։
Ինչպես իր հերթին լրագրողներին ասաց ՄԱԿ-ի կողմից համալսարանական ցանցի ստեղծման նախագծի համակարգող Վահագն Մխիթարյանը, շուտով ցանցին կմիանան նաև շրջանների բուհերը, իսկ հետագայում հայկական ցանցը կմիանա եվրոպական համալսարանների ցանցին։
«Սա ԵՄ-ի մեծ ծրագիրն է, և ապագայում Հայաստանում օպտիկական մալուխներ կանցկացվեն Հունաստանի և Թուրքիայի միջով։ Այդ մալուխներին կմիանան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և դուրս կգան Եվրոպա»,- ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքերով, նախագծի վրա տարվող աշխատանքները շարունակվում էին 3 տարի, և նախագծում ներդրվել է շուրջ կես մլն ԱՄն դոլար, իսկ եվրոպական ցանցին միանալու համար ավելի շատ միջոցներ կպահանջվեն։ --0--