ՄԱԿ-ի՝ ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան լրամշակման կարիք ունի. Դաշնակցություն

09.12.2008, 16:40
ՄԱԿ-ի՝ ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան լրամշակման կարիք ունի. Դաշնակցություն

ՄԱԿ-ի՝ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման կոնվենցիան լրամշակման կարիք ունի, գտնում է ՀՅԴ քաղաքական հարցերի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Ըստ նրա, այն ստորագրած երկրներն իրենց վրա պետք է վերցնեն լրացուցիչ պարտականություններ, որոնք թույլ կտան ավելի արագ և գործուն կերպով կանխել ցեղասպանության փորձերը։

Խոսելով Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Մանոյանը հույս հայտնեց, որ 2009թ.-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր խոսքում (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) կբնութագրի 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն։

Միաժամանակ նա ավելացրեց, որ այդ իսկ պատճառով Հայաստանը չպետք է զիջումների գնա Թուրքիային 1915թ. դեպքերի քննարկման պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցում։

«Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է։ Նույնիսկ Թուրքիայում արդեն խոսվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»,- ասաց Դաշնակցության ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ 

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-