Հայաստանի ներկայացուցիչն ընդգրկվել է թրաֆիքինգի դեմ պայքարի Կոնվենցիայի դիտորդական մարմնում
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչ Գյուլնարա Շահինյանը ընդգրկվել է դիտորդական մարմնում, որը վերահսկելու է Եվրախորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի Կոնվենցիայի իրականցումն ու կսկսի իր գործունեությունը 2009 թ.-ից, երեք «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Եվրախորհրդի մամուլի ծառայությունից։
«Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) առաջին անդամները 13 անկախ փորձագետներն են լինելու նույն թվով երկրներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կոնվենցիայի անդամ-պետությունների կոմիտեն դեկտեմբերի 5-8-ը Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ ընտրել է ներկայացուցիչներին, ովքեր կսկսեն աշխատել GRETA-ում 2009 թ.-ի հունվարի մեկից 4 տարի ժամկետով։
Խմբում ընդգրկված են Վեսելա Բանովան (Բուլղարիա), Լուիզ Կալեյան (Մալթա), Յոզի Կրիստոդուլուն (Կիպրոս), Դավոր Դերենչինովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Գիլկան (Մոլդովա), Հաննե Սոֆի Գրիվը (Նորվեգիա), Նիկոլաս Լե Կոզը (Ֆրանսիա), Ալեքսանդր Մալանգոնը (Սլովակիա), Նել Ռազմուսենը (Դանիա), Լեոնոր Մարիա Դա Կոնսիենշաու Կրուզ Ռոդրիգեսը (Պորտուգալիա), Գյուլնարա Շահինյանը (Հայաստան), Ռոբերտ Ստրատոբերդհան (Ալբանիա), Դիանա-Ֆլորենտինա Տուդորաչեն (Ռումինիա)։
GRETA-ն օգտագործելու է Եվրախորհրդի վերահսկիչ մարմինների կիրառած մեթոդաբանությունը, մասնավորապես հրապարակելու է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ Կոնվենցիայում ներառված միջոցառումների գնահատման զեկույցները։
2008 թ.-ի փետրվարի 1-ին ուժի մեջ մտած և 19 պետությունների կողմից ստորագրված կոնվենցիան նպատակ ունի կասեցնել այդ հանցագործությունը, պաշտպանել թրաֆիքինգի զոհերին և դատական կարգով հետապնդել հանցագործներին։--0--