ՀՀ նախագահը պատվո շքանշանով պարգևատրել է ֆրանսիական խորհրդարանի պատգամավորներին

08.12.2008, 19:58
ՀՀ նախագահը պատվո շքանշանով պարգևատրել է ֆրանսիական խորհրդարանի պատգամավորներին

Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբուլանին և տեղակալ Ռենե Ռուքեին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նրանք Հայաստանում են 1988-ի ավերիչ երկրաշարժի 20-ամյակի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով:

«Հանդիպման ընթացքում նախագահն ասել է, որ Հայաստանը երախտապարտ է Ֆրանսիային` երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած օգնության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաև պարոնայք Ռոշբուլանի և Ռուքեի գործունեությունը և տեղեկացրել, որ հրամանագիր է ստորագրել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության, Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված շարունակական գործունեության համար Ֆրանսուա Ռոշբուլանին և Ռենե Ռուքեին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց և հանձնել պետական բարձր պարգևները:

Ֆրանսուա Ռոշբուլանն ասել է, որ պարգևն իրեն ավելի է պարտավորեցնում և կանի հնարավորը` դրան արժանի լինելու համար:

Իր հերթին Ռենե Ռուքեն Պատվո շքանշանը համարել է իրենց արդեն քսան տարի շարունակվող գործունեության ճանաչում և գնահատում:

Ընդգծելով մեր ժողովրդի առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը Ֆրանսիայի և ֆրանսիացիների նկատմամբ, Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից` նշելով, որ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում արդեն երկու հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը:--0--