ՀՀ խորհրդարանի խոսնակը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գիտնական Պարիս Հերունու մահվան կապակցությամբ

08.12.2008, 19:12
ՀՀ խորհրդարանի խոսնակը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գիտնական Պարիս Հերունու մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցութայմբ։

«Հայաստանի  գիտությունների ազգային ակադեմիայի, աշխարհի տասնյակ ակադեմիաների ու միջազգային կազմակերպությունների անդամ, պետական մրցանակների դափնեկիր, ռադիո‎ֆիզիկայի բնագավառում բազում գիտական աշխատությունների հեղինակ Պարիս Հերունու մահը մեծ կորուստ է հայ և համաշխարհային գիտության համար»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության կողմից տրամադրած հաղորդագրությունում։

Խորհրդարանի ղեկավարի խոսքերով, «Հերունու ուսումնասիրությունները գիտության նոր ոլորտների սկիզբ էին դառնում` գիտական աշխարհի մայրաքաղաքներից մեկը դարձնելով Երևանը»։

«ՀՀ Ազգային ժողովի և իմ անունից խորապես ցավակցում եմ Պարիս Հերունու հարազատներին, մերձավորներին, գործընկերներին` ծանր կորստի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հայտնի հայ գիտնական, մի շարք ակադեմիաների և միջազգային գիտական ասոցիացիաների անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին մահացավ կյանքի 75-րդ տարում։ -0-