Գործազրկության մակարդակը Հայաստանում կարող է աճել առավելագույնը 1 տոկոսով. Զբաղվածության պետգործակալություն

08.12.2008, 18:15
Գործազրկության մակարդակը Հայաստանում կարող է աճել առավելագույնը 1 տոկոսով. Զբաղվածության պետգործակալություն

Գործազրկության մակարդակը Հայաստանում համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցության արդյունքում կարող է աճել առավելագույնը 1 տոկոսով, գտնում է ՀՀ Զբաղվածության պետական գործակալության պետ Սոնա Հարությունյանը։

«Եթե ակտիվ միջոցառումներ իրականացվեն, ապա ճգնաժամը մեզ համար աննկատ կանցնի։ Գործազրկության մակարդակը Հայաստանում առավելագույնը կարող է աճել 1 տոկոսով, բայց եթե մենք կարողանանք զբաղեցնել բոլոր թափուր պաշտոնները, ապա այդ ցուցանիշը չի գերազանցի նույնիսկ 0,5 տոկոսը»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում։

Հայաստանում գրանցված է աշխատանք փնտրող 90,8 հազար քաղաքացի, որոնցից 76 հազարը գործազուրկի կարգավիճակ ունի։ Գործազրկության միջին մակարդակը Հայաստանում կազմում է 6,3 տոկոս։

Հարությունյանը նկատեց, որ հայկական ընկերություններն առայժմ ձեռնպահ են մնում աշխատակազմի ուղղակի կրճատումներից, քանի որ ակնկալում են պետության աջակցությունը և հույս են դնում իրենց ռեսուրսների վրա։

Պետգործակալության պետն ավելացրեց, որ Հայաստանն ունի կրճատված աշխատողների աշխատանքի տեղավորման կուտակած փորձ, որը կուտակվել էր 2003թ.-ին, երբ հայկական դպրոցների օպտիմալացման արդյունքում կրճատվեց 7,3 հազար ուսուցիչ։ Ինչպես հիշեցրեց Հարությունյանը, այն ժամանակ մշակվեց կրճատում անցած աշխատակիցների սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։

«Արդյունքում, ուսուցիչների կեսից ավելին տեղավորվեց աշխատանքի, հազար մարդ անցավ թոշակի, 1,6 հազարը ստացան լրացուցիչ ֆինանսական օգնություն, 500 ուսուցիչ անցավ վերապատրաստում և ապահովվեց այլ աշխատանքով, 69-ը աշխատանքի գործուղվեցին այլ մարզեր և շարունակեցին աշխատել մասնագիտությամբ»,- հայտնեց Հարությունյանը։ -0-