Վրաստանի պատրիարքությունը հերքել է հայ բնակչության հանդեպ խտրականության մասին տեղեկատվությունը

08.12.2008, 17:45
Վրաստանի պատրիարքությունը հերքել է հայ բնակչության հանդեպ խտրականության մասին տեղեկատվությունը
Վրաստանի պատրիարքությունը հերքել է հայ բնակչության հանդեպ խտրականության մասին տեղեկատվությունը

Վրաստանի պատրիարքությունը կարծում է, որ Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքի և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև եղբայրական փոխհարաբերությունները կնպաստեն վերջին ժամանակներում ստեղծված լարվածության վերացմանն ու կհանգեցնեն խնդրի խելամիտ ու արդար լուծմանը։

«Վրաստանի պատրիարքությունը ափսոսանք է հայտնել հայկական և միջազգային ԶԼՄ-ներում վերջին շրջանում Վրացական եկեղեցու նկատմամբ արտահայտած գնահատականների առնչությամբ, որոնցում խոսվում է Վրաստանում ապրող հայ բնակչության նկատմամբ կրոնական խտրականության մասին, այն դեպքում, երբ հազարամյակներ շարունակ Վրաստանում ապրում և զարգանում է հայկական մեծաթիվ սփյուռքը, ազատ և առանց սահմանափակումների գործում է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմը, ստեղծված են հայկական մշակույթի կենտրոններ՝ թատրոն, հասարակական գործիչների պանթեոն, տարածաշրջանային հայալեզու հեռուստաալիքներ, գործում են դպրոցներ, բուհերում կան հայկական բաժիններ, տպվում են թերթեր և այլն, ինչն էլ հենց հաստատում է պետության ու Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից մեր հայ համաքաղաքացիների հանդեպ հարգանքն ու բարյացակամությունը»,- ասվում է երկուշաբթի Վրաստանի պատրիարքության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։    

«Հայտնի է, որ վրացական ու հայկական եկեղեցիները տարբեր կարծիքներ ունեն Թբիլիսիի Լեսելիձե փողոցում՝ «Ջվարիս մամա» եկեղեցու կողքին գտնվող պատմական կրոնական հուշարձանի վերաբերյալ (հայկական աղբյուրների համաձայն՝ «Նորաշեն» եկեղեցի), և քանի որ իրադրությունը սրվել է, կարծում ենք, որ հարցի գիտական հետազոտություն պետք է անցկացնել, և արդյունքները համաձայնեցնել պրոֆեսիոնալ փորձագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից»,- ասվում է փաստաթղթում։    

Պատրիարքության տեղեկատվության համաձայն, հետևյալ որոշումն է ընդունվել. անհապաղ դադարեցնել վիճահարույց հուշարձանի հարակից տարածքում տարվող ցանկացած տիպի աշխատանք, երկու եկեղեցիների ներկայացուցիչներին էլ նամակներով դիմել Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պահպանման ու սպորտի նախարարություն, գնահատել հուշարձանի վիճակը, ծրագրել և կատարել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, երկկողմ հանձնաժողովը սկսի աշխատանքները, որպեսզի պատմական, արվեստաբանական և հնագիտական փորձաքննությունների հիման վրա ուսումնասիրվի հուշարձանի պատկանելիության հարցն ու համապատասխան եզրակացություն արվի, իսկ մինչ այդ պահն էլ հուշարձանի նկատմամբ երկկողմ մորատորիում հայտարարվի։ --0--