ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարները Հայաստանում կքննարկեն Կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Հայաստանում դեկտեմբերի 9-10-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի ժամանակ կքննարկվեն Կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, երկուշաբթի Երևանում ասաց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը։
«Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարներին դեկտեմբերի վերջին տասնօրյակում հավաքվել Աստանայում և քննարկել մեր տարածքում առաջացած ինտեգրացիոն միությունների հետագա զարգացման հարցերը. դրանք են՝ ԱՊՀ-ն, ԵվրԱզԷս-ը, ՀԱՊԿ-ն։ Դրան համապատասխան կառուցվել է Անվտնագության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի օրակարգը», - լրագրողներին ասաց Բուզուբաևը։
«Անշուշտ, կքննարկվեն նաև ընթացիկ այլ հարցեր, սակայն մենք հիմնականում կքննակենք մեր կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող հարցեր», - ավելացրեց նա։
Դեկտեմբերի 9-10-ին Հայաստանում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Հանդիպման օրակարգումը ներառված են Կազմակերպության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Անվտանգության խորհրդի քարտուղարները կքննարկեն համատեղ ջանքերի պրոբլեմատիկան ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, հակաթմրանյութային գործունեության խստացումը՝ «Կանալ» օպերատիվ-կանխարգելիչ օպերացիային մշտական գործող օպերացիայի կարգավիճակ շնորհելու շրջանակներում, անօրինական միգրացիային դիմակայելը, հավաքական ներուժի ձևավորումը, տեխնոգեն և բնական արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելումը և վերացումը, այլ հարցեր, որոնք գտնվում են Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի պատասխանատվության ոլորտում։
Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին, որը կանցկացվի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ, կմասնակցեն Կազմակերպության բոլոր անդամ-պետությունների պատվիրակությունները։-0-