ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

08.12.2008, 13:50
ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի  գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի», - ասվում է տեղեկատվության մեջ։

Այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ, կայցելի  Վրաստանում ՀՀ դեսպանատուն, հայկական Սբ. Նորաշեն եկեղեցի:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կառավարությանն  առընթեր  պետական եկամուտների  կոմիտեի  նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Հայկական պատվիրակության կազմում են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, արտաքին գործերի  նախարարի տեղակալ  Շավարշ Քոչարյանը, գյուղատնտեսության  նախարարի  տեղակալ Լևոն  Ռուխկյանը,  մշակույթի  նախարարի  տեղակալ Գագիկ Գյուրջյանը,  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Հրաչ Սիլվանյանը,  ՀՀ ազգային ժողովի  պատգամավոր Վլադիմիր Բադալյանը և պաշտոնատար այլ անձինք:-0-