ՀՀ նախագահը մասնակցել է Գյումրիի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի մասնակցել է Գյումրիի հուշարձանի բացմանը՝ նվիրված 1988 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին և ողբերգության հետևանքների վերացմանը մասնակցած փրկարարներին։
Բացման արարողությանը նաև մասնակցել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը։
«Այսօր մենք բացում ենք մի հուշարձան, որի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձևակերպմամբ՝ «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին», որը մարդկային լավագույն հատկանիշների՝ ողբերգության պահին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության և մարդասիրության յուրատեսակ խորհրդանիշ է:
Նրա խոսքերով, հուշարձանը մի կողմից արտահայտում է մարդու խոցելիությունը, մյուս կողմից՝ արհավիրքին դիմակայելու ունակությունը՝ համատեղելով կորստի ցավը և վերածննդի հավատը:
«Այսօր մեր պարտքն է ևս մեկ անգամ երախտագիտությամբ հիշել բոլորին՝ փրկարարներին ու շինարարներին, օդաչուներին ու պետական այրերին, ջուր և հաց հասցնողներին, վերմակ ու վրան ուղարկողներին», - նշել է ՀՀ նախագահը։
Նա ընդգծել է, որ տեղի ունեցած աղետի բերած կորստի ու ողբերգության ցավը արձագանքեց յուրաքանչյուր մարդու սրտում, և ողջ մարդկությանը միավորեց «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, անկախ գաղափարախոսությունից ու քաղաքական հայացքներից։
Նրա խոսքերով, կրկնակի ողբերգություն է, երբ դժբախտությունը մենակ ես կրում։ Սակայն, ինչպես նշել է նախագահը, ավերիչ երկրաշարժի առաջին իսկ օրվանից Հայաստանի ժողովուրդը զգաց մարդկային հոգու ջերմությունն ու բարեկամության շունչը: «Աշխարհը միացավ մեր վշտին՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ ուրիշի ցավ չի լինում, ուրիշի վիշտ չկա»։
Նիկոլայ Ռիժկովն իր հերթին նշել է, որ հուշարձանը ոչ միայն այս սարսափելի ողբերգության ժամանակ զոհվածների նկատմամբ վիշտն է մարմնավորում, այլև հավերժացնում է այն բոլոր մարդկանց սխրանքն ու հերոսությունը, ովքեր հայ ժողովրդին օգնության եկան։ «Սա ոչ միայն վշտի հուշարձան է, այլև կյանքի, Հայաստանի և նրա ժողովրդի վերածննդի», - նշել է Ռիժկովը։
Նրա խոսքերով, Ռուսաստանում երբեք չեն մոռացել Հայաստանում տեղի ունեցած մեծ ողբերգությունը, և այս օրերին միլիոնավոր ռուսաստանցիների հայացքները կրկին ուղղված են դեպի Հայաստան։
Հուշարձանը փոխանցվել է հայ ժողովրդին: Հուշարձանի եղինակն է հայ ճարտարապետ Ֆրիդրիխ Սողոյանը, այն ստեղծվել է Ռուսաստանում՝ ժողովրդական միջոցների հաշվին և երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հոգաբարձուների խորհրդի անունից, որը գլխավորում է Նիկոլայ Ռիժկովը:-0-