Գյումրին կվերածվի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի

08.12.2008, 12:25
Գյումրին կվերածվի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի
Գյումրին կվերածվի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի

Գյումրին պետք է վերածվի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի Գյումրիում՝ Հայաստանի ավերիչ երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում։

«Ես պահանջելու եմ առավել ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, պահանջելու եմ ոչ միայն վիճակագրական տվյալներ, այլ միջավայրի փոփոխություն, մթնոլորտի ու աշխատանքի ոճի փոփոխություն: Խնդիրը չեմ համարի լուծված, մինչև աղետից տուժած վերջին ընտանիքը, այստեղ գտնվող վերջին անօթևան քաղաքացին չստանա իր բնակարանն ու արժանապատիվ կեցության պայմանները», - ասել է նախագահը։

Նրա խոսքերով, Գյումրին պետք է հնարավորություն ունենա դառնալու համահայկական խաղերը, Հայաստան-Սփյուռք համաժողովները, միջազգային խոշոր հանդիպումներ հյուրընկալող կենտրոն, սպորտի, արվեստների մայրաքաղաք։

ՀՀ նախագահը նշել է, որ անցած տարիների ընթացքում հաջողվել է մի շարք խնդիրներ լուծել։

Նրա խոսքերով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական առաջնորդությամբ մեծածավալ աշխատանք է կատարվել, հնարավոր եղավ հաղթահարել հուսահատությունը, բարելավվեցին հազարավոր ընտանիքների բնակարանային պայմանները, կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական ու մշակութային բազմաթիվ օջախներ:

Սակայն Սարգյանը նշել է, որ չի հաջողվել իսպառ վերացնել աղետի հետևանքները: Ավելին, նրա խոսքերով, այսօր մենք ունենք մարզերի արագ զարգացման խնդիր։

«Մենք պետք է կարողանանք Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի, ինչպես և մեր մյուս մարզերի զարգացման տեմպերը համապատասխանեցնել Երևանի զարգացման տեմպերին: Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները», - կարծում է ՀՀ նախագահը։

Նա համոզված է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու, վերականգնվելու է բնականոն և օրեցօր բարելավվող կյանքը:

«Մենք սա խոստացել ենք և անելու ենք. չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը», - ասել է Սարգսյանը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման  գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի  պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—