Հայաստանը ակտիվ աշխատանք է տանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում

Հայաստանը ակտիվ աշխատանք է տանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (Enterprise Europe Network - EEN) շրջանակներում։
Ինչպես հայտարարել է Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի (ՓՄԲԶԱԿ) գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, 2008 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ EEN-ում շրջանառվել է ավելի քան 500 բիզնես-առաջարկ, հիմնականում, կոմերցիոն միջնորդների, գործընկերների և արտահանողների որոնման գծով։
«Եվրոպական երկրների ձեռներեցների կողմից ներկայացված մոտ 60 բիզնես-առաջարկներն ուղղվել են Հայաստան, որոնք ներքին խողովակների միջոցով ներկայացվել են հայ գործարարներին և ՓՄՁ սուբյեկտներին», - ասել է նա՝ ներկայացնելով իր զեկույցը ուրբաթ Իջևանում տեղի ունեցած «ՀՀ Տավուշի մարզի ներդրումային միջավայրը և ՓՄՁ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները» խորագրով համաժողովի ընթացքում։
Հայաստանում ցանցը սկսել է պաշտոնապես գործել 2008 թ.-ի մայիսից, իսկ հունիսի 20-ից երկիրը, ի դեմս ՓՄԲԶԱԿ-ի, EEN անդամ է։
Կարապետյանի խոսքերով, EEN-ի գործունեության շրջանակներում ձեռնարկություններին կտրամադրվի անվճար աջակցություն, մասնավորապես, Եվրամիության քաղաքականության, օրենսդրության և չափանիշների, բիզնես-հնարավորությունների, տեղեկատվություն ստանալու, շուկաների հետազոտման, պոտենցիալ հաճախորդների բացահայտման հարցերում։
«Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև երկկողմ այցերի և բազմաբնույթ միջոցառումների կազմակերպում, ինչի միջոցով ձեռներեցները կկարողանան բարձրացնել իրենց գործարար գիտելիքների մակարդակը, ճշտել համագործակցության պայմաններն ու անձնական կապեր հաստատել գործընկերների հետ», - պարզաբանել է նա։
ՓՄԲԶԱԿ ղեկավարի խոսքերով, 2008 թ.-ի օգոստոսին Հայաստանը միացել է եվրոպական ներքին ցանցին՝ Ինտրանետին, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել կիրառել վերջինիս տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները՝ բիզնես-համագործակցության և տեխնոլոգիական առաջարկությունների հայտերի շրջանառությունն ապահովելու համար։
«Ինտրանետում արդեն ներկայացված են 14 կազմակերպություների բիզնես-համագործակցության նկարագրություններ, որոնք, հիմնականում, վերաբերում են շինանյութի արտադրության, ինչպես նաև գինեգործական արտադրանքի և կոնյակի արտահանման ոլորտներում գործընկեր ընկերություններ և կոմերցիոն գործակալներ փնտրելուն», - ասել է նա՝ ավելացնելով, որ ևս 20 առաջարկներ մշակման փուլում են։
Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ EEN-ը հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ուղղություններով հարցումներ անցկացնել և տարբեր հարցերի վերաբերյալ մարքեթինգային տվյալներ ստանալ 44 երկրների կտրվածքով։
«EEN-ի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մենք մտադիր ենք ընդյալնել և խորացնել մեր համագործակցությունը տարբեր ասոցիացիաների և միությունների հետ՝ նրանց անդամներին տրամադրելով ցանցի հնարավորությունները», - ասել է նա։
Կարապետյանը նաև նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ ներկայացված է EEN-ը։
Ձեռնարկությունների եվրոպական ցանցը ստեղծվել է 2008 թ.-ի փետրվարի 8-ին Բրյուսելում։ Այսօրվա դրությամբ EEN-ը գործում է աշխարհի 44 երկրներում։ EEN-ի կազմում են 600 կազմակերպություններ, մասնավորապես, առևտրա-արտադրական պալատներ, զարգացման տարածաշրջանային գործակալություններ, համալսարաններ, տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև ՓՄՁ-ի 23 մլն սուբյեկտներ և 4 հազ. փորձագետներ։-0-