Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին Ալիևի հայտարարությունները Ադրբեջանի նախագահին պատիվ չեն բերում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն այն մասին, որ Մոսկովյան հռչակագիրը չի բացառում Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը, Ադրբեջանի նախագահին պատիվ չեն բերում, կարծում է քաղաքագետ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Կարծում եմ, որ այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի հասարակության որոշակի մասի պահանջով և բոլորովին էլ պատիվ չի բերում նախագահին։ Մենք միամիտ մարդիկ չենք և հասկանում ենք, որ խաղաղությունն շատ ավելի լուրջ բան է, քան հռչակագրի տակ դրված ստորագրությունը, բայց Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու լուրջ պարտավորություններ է վերցրել իր վրա»,- ուրբաթ Զատուլինն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
«Այս տարվա օգոստոսին Կովկասում տեղի ունեցածից հետո մեզ համար շատ կարևոր էր, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունեին, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելիս Վրաստանի ճանապարհով չեն գնա»,- ընդգծեց նա։
Զատուլինի խոսքերով, ռուսական կողմը ջանաց «հակամարտության կողմերին միացնել Մոսկվայում», ինչի արդյունքում էլ ստորագրվեց մոսկովյան հռչակագիրը։ Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, որ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև Ադրբեջանում հռչակագրի ստորագրումից հետո փաստաթղթին տարբեր իմաստներ էին հաղորդում։
«Ինձ չափազանց զարմացրեց նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթն այն մասին, որ հռչակագիրը չի բացառում Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորությունը»,- ավելացրեց խորհրդարանականը։
Հինգշաբթի Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդունած վերջին համատեղ հայտարարության լավատեսական տոնի առնչությամբ Զատուլինը նշեց, որ լավ կլիներ, եթե այդ տոնը հաստատվեր իրական արդյունքների հասնելու՝ կողմերի փոխադարձ ձգտմամբ։
Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրը նոր և խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ընդհանուր ձգտման առումով։ Այդ հռչակագրում նախագահները վերահաստատում են իրենց հավատարմությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում և այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որ համանախագահները մշակել են համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ հիմնվելով անցյալ տարի Մադրիդում ներկայացված իրենց առաջարկների վրա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-