Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը աջակցում է երկրների միջև բարեկամական կապերի զարգացմանը. խոսնակ
Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն աջակցում է երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, կարծում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն իր հերթական՝ 15-րդ նիստն անցկացրել է ուրբաթ Երևանում։ Ռուսական խորհրդարանական պատվիրակության այցը նվիրված է նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին։
«Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում, որտեղ դուք անցկացնում եք միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը երկու պետությունների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանք է իրականացնում», - ասաց խոսնակը նիստի բացման ժամանակ։
ՀՀ խորհրդարանի խոսնակը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական կապերի հաջող և դինամիկ զարգացմանը մեծամասամբ նպաստում են երկու խորհրդարանների նախագահների միջև ամենաբարձր մակարդակի հանդիպումները։ Աբրահամյանը հիշեցրեց Հայաստանի ԱԺ պաշտոնական պատվիրակության վերջերս կատարած այցը Ռուսաստան, որն անցել էր փոխըմռնման բացառիկ ջերմ մթնոլորտում։
«Իմ և Ռուսաստանի Դաշնային ժողովի պալատների ղեկավարների միջև ուղղակի և անկեղծ երկխոսությունը կնպաստի մեր խորհրդարանների միջև էլ ավելի սերտ համագործակցությանը։ Մոսկվայում մենք հանգեցինք միասնական կարծիքի այն մասին, թե տնտեսական գործընկերության համար որքան կարևոր է Հայաստանի մարզերի և Ռուսաստանի շրջանների միջև տարածաշրջանային համագործակցության զարգացումը», - հայտարարեց Աբրահամյանը։
ՀՀ խորհրդարանի խոսնակը տեղեկացրեց, որ որպես ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղակի շարունակություն միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 16-րդ նիստի օրակարգում արդեն մտցվել է Հայաստանի ու նրա վարչական տարածքային միավորների ու Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև միջտարածաշրջանային ուղղակի կապերի վիճակի և զարգացման հեռանկարների մասին հարցը։
«Հանձնաժողովի հերթական նիստը մենք նվիրել ենք հայ ժողովրդի ողբերգության և ցավի՝ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող սգո միջոցառումներին։ Սա ևս մեկ վկայությունն է այն խորը կապվածության, որը գոյություն ունի մեր ժողովուրդների միջև և խոսում է այն մասին, որ մեր ցավը դուք ընդունում եք որպես ձերը», - ընդգծեց նա։
Աբրահամյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի ռուսական կողմի ղեկավար Նիկոլայ Ռիժկովին, որի խանդավառության, կամքի, համառության և բազմամյա ջանքերի շնորհիվ է նաև միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—