ՀՀ նախագահը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանին

05.12.2008, 11:05
ՀՀ նախագահը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Նիկողոսյանին՝ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Ընդունեք իմ շնորհավորանքներն ու ամենաանկեղծ բարեմաղթանքները Ձեր ծննդյան 90 -ամյա հոբելյանի առթիվ: Ձեր՝ ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության շնորհիվ մեր մայրաքաղաքը, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող այլ քաղաքներ, զարդարվել են կոթողային ճարտարապետության արվեստի հրաշալի նմուշներով, որոնք հայրենասիրության ու գեղեցկության զգացումներ են արթնացնում  մեր հայրենակիցների մի քանի սերունդների մոտ և անկեղծ հարգանք` Ձեր բացառիկ տաղանդի բազմազգ երկրպագուների սրտերում», - ասվում է ուղերձում։

Նախագահը նշել է, որ նկարչի երկարատև և բեղմնավոր ուղին նույնքան արժեքավոր է ինչպես ժամանակակից հայկական, այնպես էլ` ռուսական մշակույթի համար:

«Մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք և նորանոր ստեղծագործական նվաճումներ», - ասվում է ուղերձում։

Նիկոլայ Նիկողոսյանը ծնվել է 1918 թ.-ի դեկտեմբերի 2-ին, Հայաստանում։ Ուսումը ստացել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում, Մոսկվայի Վ.Ի. Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտում։ 1941 թ.-ին դարձել է Նկարիչների միության անդամ։

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ է, ՌԽՍՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ է։

Նա «Մայա Պլիսեցկայա» քանդակի համար պարգևատրվել է ԽՍՀՄ ՎԴՆԽ մեդալով, իսկ «Արարատյան դաշտավայրի աշխատավորուհին» քանդակի համար՝ ԽՍՀՄ արվեստների ակադեմիայի արծաթե մեդալով։  Նիկողոսյանի հայտնի քանդակների թվում են «Մայրությունը» և «Ռազմիկը» (1948-1954թթ), Մոսկվայում գտնվող Վոստանիյե հրապարակի բարձրահարկ շենքի ճակատային մասի վրա գտնվող դեկորատիվ քանդակը, Մ. Նալբանդյանի արձանը (Երևան, 1965թ.), Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը (Նալբանդյան գյուղ, 1978թ.) և շատ ուրիշներ։-0-