Հայկական զբոսաշրջությունը արժանավայել է ներկայացվում համաշխարհային հեռուստաշուկայում. փորձագետ

04.12.2008, 19:42
Հայկական զբոսաշրջությունը արժանավայել է ներկայացվում համաշխարհային հեռուստաշուկայում. փորձագետ

Հայկական զբոսաշրջությունը արժանավայել է ներկայացվում համաշխարհային հեռուստաշուկայում, հինգշաբթի լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը ակտիվ մարքեթինգային քաղաքականություն է վարում զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես CNN և EuroNews հեռուստաալիքներով հեռարձակվում են Հայաստանին վերաբերող տեսահոլովակներ, երկիրը մասնակցում է ցուցահանդեսների և փառատոների, կազմակերպում ճանաչողական այցեր:

Հայաստանը 2006 թվականից երկու գովազդային հոլովակ է ներկայացնում CNN և EuroNews հեռուստատալիքներով, որոնց հիմնական նպատակը Հայաստանը որպես վստահ, կայուն, անվտանգ և ներդրումների ու զբոսաշրջության համար բարենպաստ երկրի վարկանիշի ձևավորումն է:

«Տեսահոլավակներից բացի, 2009 թվականին պատրաստ կլինի Հայաստանի մասին մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմը, որը բովանդակությունն ու սցենարը համաձայնեցված են երկրի կառավարության հետ: Վավերագրական ֆիլմի նկարահանումներն ավարտվել են, և այժմ տարվում են մոնտաժման և ֆիլմի պատրաստման վերջնական աշխատանքները»,- ասաց Ապրեսյանը:

Ֆիլմ պատրաստելու նախաձեռնությամբ հանդես էին եկել իսպանական ընկերությունները, որոնք հետազոտություն էին անցկացրել և Հայաստանի շարքում ընտրել էին ևս 12 երկիր, որոնց մասին կնկարահանվի «Escape» ֆիլմաշարը:

«Ֆիլմը եթեր կհեռարձակվի զբոսաշրջային ուղղվածություն ունեցող հեռուստաալիքներով, մասնավորապես Discovery և National Geographics հեռուստաալիքներով»,- ասաց Ապրեսյանը

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ արդեն հաջորդ տարվա սկզբից ֆիլմը կհայտնվի էկրաններին:-0-