Եվրոպան թույլ է տվել հայկական իշխանություններին ուժ գործադրել ընդդիմության նկատմամբ. ընդդիմության ներկայացուցիչ
Հայաստանում անցած նախագահական ընտրությունների դրական գնահատականը եվրակառույցների, մասնավորապես ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության կողմից, թույլ տվեց իշխանություններին մարտի 1-ին ուժ գործադրել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, ասաց մարտի 1-ի դեպքերի հետաքննության հանրային հանձնաժողովի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։
«Զեկույցի նպատակն էր ներկայացնել մարտի 1-ին, ինչպես նաև դրանից հետո իշխանությունների գործողությունները կանխելու համար միջազգային կազմակերպությունների կողմից արված քայլերը»,- հինգշաբթի ասաց Կարապետյանը՝ ներկայացնելով հանրային հանձնաժողովի «Միջազգային հանրությունը և մարտի 1-ի իրադարձությունները» զեկույցը։
Նա պատահական չի համարում այն փաստը, որ միջազգային արձագանքը մարտի մեկի դեպքերին բավական զուսպ էր, չէ որ «Հայաստանի իշխանություններն անում էին ամեն ինչ կատարվածի իրական պատկերը թաքցնելու համար»։
«Կատարվածի մասին շատ թե քիչ ամբողջական պատկերացում ունենալու համար միջազգային դիտորդներին որոշակի ժամանակ պահանջվեց»,- ասաց Կարապետյանը։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցը սկսվում է նրանից, որ նախագահական ընտրությունները Հայաստանում «հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ և ԵՄ պահանջներին ու չափորոշիչներին»։ Այս գնահատականի հետևում ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մի երկար շարք է։ Դա, համենայն դեպս, ծիծաղելի է»,- նշեց հանձնաժողովի համակարգողը։
Ըստ նրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականն ավելի շուտ «քաղաքական և ոչ թե փորձագիտական էր», քանի որ գնահատականներում առկա են լուրջ հակասություններ և անհամապատասխանություններ։
Խոսելով մարտի 1-2-ի դեպքերից հետո միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին՝ Կարապետյանը նշեց, որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնական շեշտը դրել են ընդդիմության և ոչ թե իշխանությունների կողմից զենք կիրառելու վրա։
«Չնայած իշխանություններին ուղղված մի քանի ցուցադրական կոչերին, ակնհայտ է, որ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ երկակի չափորոշիչներ է կիրառում։ Դրանից ելնելով՝ մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին ինքնուրույն գնահատել իրենց երկրի իշխանությունների գործողությունները։ Հենց դրանից է կախված, թե ինչպիսին կլինեն միջազգային կազմակերպությունների գնահատականները իշխանությունների գործունեության նկատմամբ»,- ընդգծեց Կարապետյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-