Հայաստանը ողջունում է Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտումը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է ունենալ կայուն և կանխատեսելի հարևաններ և ողջունում է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու ձգտումը, հինգշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
«Այն բարեփոխումները, որ այդ ճանապարհին կիրականացվեն, Թուրքիային կդարձնեն ավելի կանխատեսելի և կայուն»- մեջբերեցին վարչապետի խոսքերը կառավարության մամուլի ծառայությունից:
Միաժամանակ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ բարեփոխումներին զուգահեռ, կբարելավվեն:
ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Իրանի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ և փորձելու է դրանք այսուհետ ևս պահպանել:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ քաղաքական երկխոսության, բանակցությունների միջոցով այն խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվի։ -0-
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

