Կիկաբիձեն կոչ է անում չքաղաքականացնել Վրաստանի հայկական մշակութային հուշարձանների իրավիճակի հարցը
Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն կոչ է անում չքաղաքականացնել Վրաստանի հայկական մշակութային հուշարձանների շուրջ տիրող իրավիճակի մասին հարցը։
«Ես շատ բան գիտեմ այս թեմայի վերաբերյալ։ Գիտեմ, որ քաղաքակիրթ աշխարհը միշտ պետք է համաձայնի պատմության հետ։ Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, սակայն վրացական մշակութային հուշարձանները ևս սփռված են աշխարհով մեկ։ Սա շատ նուրբ հարց է, և պետք չէ այն ավելորդ տեղը քաղաքականացնել։ Ես այդպես եմ կարծում», - ասել է Կիկաբիձեն «Նովոստի-Արմենիա» գործակալությանը՝ «Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծի շրջանակներում կազմակերպված օն-լայն հարցազրույցի ժամանակ։
Հայկական ճարտարապետության ուսումնասիրմամբ զբաղվող հասարակական կազմակերպության տվյալներով, 1995 թ.-ի դրությամբ Վրաստանի տարածքում կար 650 հայկական եկեղեցի, որոնցից մի մասն այսօր կամ ոչնչացվել է, կամ ներկայացվում է որպես վրացական ճարտարապետության հուշարձան։
«Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծին աջակցում է ԵՄ-ն, այն իրականացնում են Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտը, Հետաքննող-լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Լրագրողների պաշտպանության «ՌՈՒԽ» կոմիտեն (Ադրբեջան)։-0-