Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ենթադրում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացում

04.12.2008, 12:41
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ենթադրում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացում
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ենթադրում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացում

Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացում։

«Մեր արևելյան հարևանների հետ նոր հարաբերություններ կառուցելու ժամանակն է եկել։ Հիմնվելով անցյալ հաջողությունների վրա՝ մենք պատրաստել ենք հավակնոտ, սակայն լավ հավասարակշռված առաջարկություն», -  նախօրեին տեսահամաժողովի ժամանակ ծրագիրը ներկայացնելիս ասել է ԵՄ արտաքին կապերի և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները։

Նրա խոսքերով, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի իրադարձությունները իրենց մեջ անվտնագությանն ու կայունությանն ուղղված վտանգ են պարունակում, և այս երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականությունը պետք է լինի «ուժեղ, ակտիվ և հստակ»։

Ինչպես ասել է Ֆերերո-Վալդները, այդ երկրների նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունն ու մոտեցումը միշտ անհատական են եղել, և այժմ անհրաժեշտ է այդ քայլերին նոր թափ և շատ վեկտորներ հաղորդել։

«Մեր հիմնական սկզբունքն այն է, որ այս գործընթացը պետք է մեր գործընկերների բարեփոխումներին համաքայլ ընթանա, և այս նոր փաթեթն առաջարկում է երկրներին ավելի ինտենսիվ աջակցություն՝ իրենց նպատակներին հասնելու գործում», - ասել է Ֆերերո-Վալդները։

«Արևելյան գործընկերություն» հավակնոտ փաթեթը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում, քաղաքական ինտեգրման աստիճանի առավել զգալի բարձրացում։

Իրականացման դեպքում այդ ծրագիրն էականորեն կփոխի ԵՄ քաղաքականությունն այն պետությունների նկատմամբ, որոնք հեռանկարում կարող են միության անդամ դառնալ։ Ծրագրով նախատեսվում է բազմակողմ առևտրին վերաբերող նոր պայմանագրերի կնքում, այդ երկրների միջև նոր առևտրային ցանցի ստեղծման խրախուսում, ԵՄ տնտեսության մեջ աստիճանաբար ինտեգրում, ԵՄ երկրներում  քաղաքացիների առավել հեշտ տեղափոխության ապահովում՝ պայմանով, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանված կլինեն։ Ծրագիրը նաև նախատեսում է էներգետիկ անվտանգությանը նվիրված նոր միջոցառումներ և լրացուցիչ ֆինանսական օժանդակություն։-0-