Լատինական Ամերիկայի երկրների հայկական համայնքները ուծացման վտանգի տակ են. սփյուռքի նախարար

Լատինական Ամերիկայի երկրների հայկական համայնքները ուծացման վտանգի տակ են, ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Դրա պատճառն այն է, որ մեր հայրենակիցները գրեթե չեն տիրապետում հայերենին, ինչպես նաև մեծ է խառն ամուսնությունների քանակը»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Սակայն, Հակոբյանի խոսքերով, այդ համայնքների ներկայացուցիչները լուրջ պայքար են մղում հայկական համայքներում «հայկական ոգու» պահպանման համար։
«Բուենոս Այրեսում «Արմենիա» կոչվող փողոց կա, որի վրաբազմաթիվ հայկական բարեգործական կազմակերպություններ, ավանդական կուսակցությունների գրասենյակներ, ինչպես նաև դպրոցներ ու մշակութային հաստատություններ են կենտրոնացված»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի պետական կառույցների ներկայացուցիչները մեծ բավարարվածությամբ են արտահայտել տվյալ երկրներում հայկական համայնքների ներկայացուցիչների գործունեության մասին։
«Արգենտինայի ԱԳՆ ղեկավարի և փոխխոսնակի, Ուրուգվայի փոխնախագահի, ԱԳՆ ղեկավարի և զբոսաշրջության փոխնախարարի, ինչպես նաև Բրազիլիայի դաշնային խորհրդարանի որոշ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, համապատասխանաբար, քննարկվել են հայ-արգենտինական, հայ-ուրուգվայական և հայ-բրազիլական հարաբերությունները, որոնք լավ մակարդակի վրա են և որոնք հարկ է զարգացնել»,- ավելացրեց Հակոբյանը։
ՀՀ Սփյուռքի նախարարը նոյեմբերի 8-17-ը այցով գտնվել է Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում։
Արգենտինայում ապրում է շուրջ 100 հազար հայ, Ուրուգվայում՝ շուրջ 15-20 հազար, իսկ բրազիլական Սան-Պաուլոյում՝ շուրջ 25-30 հազար։ --0--