Պետական, հասարակական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

03.12.2008, 12:28
Պետական, հասարակական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Պետական և հասարակական գործիչ 94-ամյա Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը կզբաղվի հուղարկավորության կազմակերպմամբ։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովը գլխավորում է վարչապետի խորհրդական Ռազմիկ Մարկոսյանը։

Ասծատրյանը ծնունդով Ղարաբաղի Չարթար գյուղից է, դպրոցն ավարտել է Բաքվում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիում գտնվող Անդրկովկասյան արդյունաբերական ինստիտուտում։

Աշխատանքային ուղին սկսել է Դոնբասի հանքահորերում, որտեղից նրան ուղարկել են Մոնղոլիա՝ որպես տեղի լեռնահանքային տրեստի ինժեներ։

Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին Ասծատրյանը եղել է այդ երկրի կառավարությանն առընթեր արդյունաբերության և շինարարության հարցերով խորհրդականը։

Պատերազմից հետո Երևանում գլխավորել է «Կանազ» ալյումինի գործարանի շինարարությունը, այնուհետև դարձել է այդ գործարանի տնօրեն, ավելի ուշ զբաղեցրել է շրջկոմի քարտուղարից մինչև ՀԿԿ կենտկոմի քարտուղարի պաշտոնները։

Երբ հանրապետությունում սկսվեց արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, որը պահանջում էր գործարանների և ֆաբրիկաների տեխնիկական վերազինում, նա գլխավորեց Հայաստանի նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեն։

Քառասուն տարի շարունակ Ասծատրյանը աշխատել է հանրապետության բոլոր առաջին դեմքերի հետ՝ Գրիգորի Հարությունյանից (ղեկավարել է հանրապությունը 1937թ.-ից մինչև 1953թ.-ը) մինչև Կարեն Դեմիրճյանը (1974-1988)։-0-