Հայաստանի երիտասարդական կուսակցությունը հանդես է եկել երկրի նախագահին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծման նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երիտասարդական կուսակցությունը երկրի նախագահին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծման առաջարկով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնեց Հայաստանի երիտասարդական կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը։
«Խորհուրդը խորհրդակցական մարմին կներկայացնի և անմիջականորեն տեղյակ կպահի նախագահին երկրում երիտասարդության վիճակի մասին»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Կուսակցության առաջնորդի խոսքերով, Խորհրդում կգործի վերլուծական կենտրոն, որը կզբաղվի երիտասարդական ռազմավարության մշակմամբ, ինչպես նաև ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի, Ջավախքի և հայկական սփյուռքի երիտասարդների խնդիրներով։
Բաբայանի կարծիքով, միայն այն փաստը, որ կառույցը գլխավորելու է երկրի ղեկավարը, թույլ կտա իրապես լուծել երիտասարդական խնդիրները և թույլ չի տա, որպեսզի Խորհուրդը ֆիկտիվ մարմին դառնա։
Նա նաև նշեց, որ նման կառույցներ գործում են աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Բելառուսում, իսկ վերջերս այդպիսի մարմին է ձևավորվել նաև ԼՂՀ-ում։
ՀՀ նախագահին ուղղված դիմումը ստորագրել են նաև հինգ կուսակցություններ, որոնք Երիտասարդական կուսակցության հետ մեկտեղ մասնակցում են միջկուսակցական խորհրդակցական ձևաչափին։ Դրանց թվում են «Ազգային ինքնորոշում» միավորումը, «Սահմանադրական իրավունք միությունը», ՀՀ միավորված կոմունիստական կուսակցությունը, ՀՀ դեմոկրատական կուսակցությունը և Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատական միությունը։ --0--