Հայկական խորհրդարանի խոսնակը բարձր գնահատական է տվել Բուլղարիայի հետ քաղաքական երկխոսությանը

02.12.2008, 18:54
Հայկական խորհրդարանի խոսնակը բարձր գնահատական է տվել Բուլղարիայի հետ քաղաքական երկխոսությանը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Թոդոր Ստայկովի հետ հանդիպման ընթացքում բարձր գնահատեց Բուլղարիայի Հանրապետության հետ բարեկամական դարավոր հարաբերությունների շարունակությունը դարձած քաղաքական երկխոսության առկայությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Հանդիպման ընթացքում Աբրահամյանը կարևորեց նաև տնտեսական կապերի զարգացումը։ Նշվեց, որ այդ նպատակով 2008-ի փետրվարին առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողով է ստեղծվել:

Մեծ նշանակություն տալով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացմանը, որոնք կնպաստեն նաև մյուս ոլորտներում հարաբերությունների առաջընթացին, Աժ նախագահը պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն,

Փոխադարձ օգտակար համարվեց նաև երկու խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը:

Աբրահամյանը կարևորեց նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունը և Եվրամիության անդամակցության ճանապարհին Բուլղարիայի կուտակած օրենսդրական փորձի փոխանակումը:

Նշվեց նաև Հայաստանի Ազգային Ժողովի և Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի  միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման կարևորությունը: 

Իր հերթին, Ստայկովը, արժևորելով միջխորհրդարական համագործակցության անհրաժեշտությունը, նշեց, որ 2009-ի գարնանը Բուլղարիայում հերթական խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենալու, այնուհանդերձ` ինչ քաղաքական ուժ էլ ընտրվի, Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացումը շարունակվելու է, և մինչև ընտրությունները կարելի է համագործակցության համաձայնագիրը ստորագրելու քայլեր ձեռնարկել:

Դեսպանի գնահատականով` Հայաստանը Բուլղարիայի համար ավանդական բարեկամ երկիր է, որի հետ կապերի զարգացումը մշտապես կարևորվում է։

Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին` դեսպանը նշեց, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը գրեթե ավարտված է, և հանձնաժողովի աշխատանքը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների: --0--