Հայաստանը միանում է Եվրախորհրդի երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրին

02.12.2008, 14:57
Հայաստանը միանում է Եվրախորհրդի երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրին
Հայաստանը միանում է Եվրախորհրդի երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրին

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ վավերացրեցին Եվրախորհրդի երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագիրը։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2007 թ.-ի մայիսի 11-ին Եվրախորհրդի երկրների նախարարների կոմիտեի 117-րդ հանդիպման ժամանակ։

«Համաձայնագրի կանոնադրությունը ստորագրել են Անդորրան, Ադրբեջանը, Բոսնիան և Հերցոգովինան, Կիպրոսը, Դանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սան-Մարինոն, Սլովենիան, Մակեդոնիան և Մեծ Բրիտանիան։ Ավելի ուշ համաձայնագրին միացել են Բուլղարիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լիխտեյնշտեյնը, Մոնակոն, Սերբիան, Շվեյցարիան և Շվեդիան»,- ասաց նա։

Նախարարի խոսքերով, համաձայնագիրը սպորտի քաղաքականության ոլորտի, սպորտային ֆեդերացիաների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցության նոր մոտեցումներ է պարունակում։

Համաձայնագրի նպատակը, ինչպես պարզաբանել է Սպորտի նախարարը, համաձայնագրի մասնակից պետությունների ռազմավարական մարզական քաղաքականության մշակումն է, սպորտի՝ որպես առողջ ապրելակերպի զարգացման խթանումը, միջկառավարական մարզական միջոցառումների իրականացումը։ Համաձայնագիրը նաև կոչված է խթանել և ապահովել մասնակից-երկրներում մարզական քաղաքականության ներդաշնակությունը։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ սպորտի նախարարը, կազմակերպության ֆինանսական միջոցների տնօրինումը և գործողությունների ամենամյա ծրագրի մշակումն իրականացնում է ղեկավարող խորհուրդը, որում ընդգրկված են մասնակից երկրների ներկայացուցիչները։

Գրիգորյանի բերած տվյալների համաձայն, ամեն տարի մասնակից-երկրները կազմակերպությանն անդամակցության վարձ են վճարելու։ Նախարարի խոսքերով, Հայաստանի մուծումը 2009 թ.-ին 6,8 հազար եվրո կկազմի։   

«Համաձայնագիրը խթանում է Հայաստանում սպորտի զարգացումը։ Ըստ համաձայնագրի, ինչպես նաև նախարարության մինչև 2012թ. գործունեության ծրագրի, նախատեսվում է վերականգնել գործող մարզական համալիրները և կառուցել նորերը»,- հայտնել է Գրիգորյանը։-0-