ՀՀ նախագահը հայ-ռուսական տնտեսական համագործակցության ընդլայնման համար Միլլերին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը հայ-ռուսական տնտեսական համագործակցության ընդլայնման գործում ունեցած զգալի ներդրման համար ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Պատվո շքանշանով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար և իր հերթին բարձր գնահատել հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակն ու դրա հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Գազպրոմ» ընկերության միջև ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ և հեռանկարային:
Զրուցակիցները քննարկել են նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին և շահագործմանը վերաբերող խնդիրներ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընկերության 45-ական տոկոս բաժնետոմսերի սեփականատերերն էին, իսկ 10 տոկոսը պատկանում էր «Իտերա» նավթագազային ընկերությանը։Նախագծի ներդրումային՝ ծրագրված երեքից երկու փուլերի իրականացման շրջանակում «Գազպրոմի» բաժինն ընկերության հիմնարար կապիտալում աճեց մինչև 75,55 տոկոս:--0--