Ջավախեցիների խնդիրների լուծումը կարևոր է վրաց իշխանությունների համար. փոխվարչապետ

01.12.2008, 12:30
Ջավախեցիների խնդիրների լուծումը կարևոր է վրաց իշխանությունների համար. փոխվարչապետ

Վրաստանի հայաբնակ տարածքի՝ Ջավախքի բնակիչների խնդիրների լուծումը կարևոր է վրաց իշխանությունների համար, ասաց Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերի պետական նախարար, Վրաստանի կառավարության փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Մենք մեր քաղաքացիներին ըստ ազգության չենք դասում, իսկ ինչ վերաբերում է այդ տարածքում բնակվող մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը, ապա դրանք ևս կարևոր են մեզ համար, ինչպես երկրի այլ մարզերում բնակվող քաղաքացիների խնդիրները», - ասաց Բարամիձեն «Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծի շրջանակներում կազմակերպված օն-լայն հարցազրույցի ժամանակ։

Մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման  համար փոխվարչապետը առանձնացրել է չորս հարց։ Նրա խոսքերով, բնակչությանը տրամադրվող էլեկտրամատակարարման հարցն արդեն լուծված է։

«Երկրորդ հարցը՝ մարզի գազիֆիկացումն է, այս ուղղությամբ շարժվող գործընթացը շարունակվում է, խոսքը ոչ միայն մեծ քաղաքների, այլև գյուղերի մասին է, այս ամենը շատ կարևոր է մարդկանց կենցաղի և այնտեղ բիզնեսի զարգացման համար», - ասաց Բարամիձեն։

Նրա խոսքերով, ևս մեկ խնդիր է ճանապարհների կառուցումը, որոնք պետք է ապահովեն Թբիլիսիի և տարածաշրջանի միջև կապն ավելի որակյալ հաղորդակցությունների միջոցով։

«Սա նոր ճանապարհ է, որը կառուցվում է Ախալքալակից Նինոցմինդայի և Ծալկայի միջով դեպի Թբիիլիսի, և երկրորդը Ախալքալակից և Ալալցխայից դեպի Բաթումի տանող ճանապարհն է։ Ի դեպ, այս երկու ճանապարհներն էլ լրացուցիչ կերպով կծառայեն նաև Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր կօգտվեն այս որակյալ ճանապարհներից տուրիզմի և բիզնեսի նպատակով», - ասաց Բարամիձեն։

«Չորրորդ հարցը Վրաստանի և Թուրքիայի միջև երկաթուղու կառուցումն է, որը կանցնի այդ մարզի միջով։ Բնականաբար, շինարարության գործընթացը եկամուտներ է բերում տեղական բյուջեին և կոնկրետ քաղաքացիների բյուջեին, ովքեր աշխատում են այստեղ։ Բնականաբար, լավ ավտոճանապարհներն ու երկաթուղիները լուրջ նախադրյալներ են մարզում տնտեսության զարգացման և սոցիալական խնդիրների լուծման համար», - նշել է վրացի փոխվարչապետը։

«Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծին աջակցում է ԵՄ-ն, այն իրականացվում է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի, Հետաքննող-լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և  Լրագրողների պաշտպանության «ՌՈՒԽ» կոմիտեի (Ադրբեջան) կողմից։-0-