Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծել է քրեակատարողական հաստատության տարածքում կառուցված եկեղեցին

01.12.2008, 11:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծել է քրեակատարողական հաստատության տարածքում կառուցված եկեղեցին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծել է քրեակատարողական հաստատության տարածքում կառուցված եկեղեցին

Ամենայն Հայոց Գարեգին II Կաթողիկոսը նախօրեին օծել է Սուրբ Հարություն եկեղեցին՝ կառուցված «Կոշ» քրեակատարողական հաստատության տարածքում։

Կաթողիկոսի խոսքերով, եկեղեցու բացումը վաղուց սպասված իրադարձություն էր դատապարտյալների և հաստատության աշխատակիցների համար։

«Համոզված եմ, որ եկեղեցու բացումը կծառայի ձեր հոգիների նորոգմանը։ Եկեղեցու կամարների ներքո դուք պետք է աղոթելով, ապաշխարելով բացեք ձեր սրտերը Աստծու առջև», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա հիշեցրել է, որ սա արդեն երկրորդ եկեղեցին է, որ բացվում է  քրեակատարողական հաստատության տարածքում՝ ավելացնելով, որ աղոթատեղիներ կան Հայաստանի բոլոր գաղութներում։

Գարեգին II-ի խոսքերով, եկեղեցին կօգնի դատապարտյալներին ուղիներ գտնել դեպի բարություն, խուսափել մեղքերից, հույս և լավատեսություն կներշնչի նրանց հոգիներին, որպեսզի նրանք դուրս գան քրեակատարողական հաստատության պատերից՝ որպես երկրի արժանի քաղաքացիներ, ովքեր իրենց ներդրումը կկատարեն Հայրենիքի առաջընթացի ապահովման գործում։

«Մենք միշտ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված թիկունք և պաշտպան դառնա ձեզ՝ տանելով դեպի բարություն, արդարություն, ճշմարտություն և խաղաղություն», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա հիշեցրել է, որ քրեակատարողական հաստատությունում իր ծառայությունն է մատուցում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը, ով դժվար պահերին գտնվում է դատապարտյալների կողքին, օգնում և մխիթարում է նրանց, հույս է ներշնչում, օգտակար լինում իր բարի խորհուրդներով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ այս գաղութում անցկացվել են բազմաթիվ կրոնական-հոգևոր միջոցառումներ և մկրտության ծես։ «Ես հիշում եմ մկրտության ժամանակ դատապարտյալների աչքերում հայտնված զղջման արցունքները», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի խոսքերով, եկեղեցու օծումը հիշարժան իրադարձություն է։

«Սա շատ կարևոր քայլ է եկեղեցու կողմից, և այժմ դատապարտյալներն իրենք պետք է պատասխան քայլ անեն։ Նրանք պետք է գիտակցեն, որ ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր իշխանությունները դատապարյալների մեջ թշնամիներ չեն տեսնում», - ասել է նախարարը։ Նա երախտագիտություն է հայտնել դատապարտյալներին, որոնց ուժերով է կառուցվել եկեղեցին։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ եկեղեցու կառուցումը ժամանակի պահանջն էր։

Եկեղեցին կառուցվել է բարերար Կառլեն Կարապետյանի ֆինանսական աջակցությամբ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի նախագծով։ Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արվեստի և մշակույթի գործիչներ։-0-