ՀՀ խորհրդարանը մեծապես շահագրգված է Եվրամիության հետ փոխշահավետ կապերի խորացմամբ. խոսնակ

ՀՀ Ազգային ժողովը մեծապես շահագրգված է Եվրամիության հետ փոխշահավետ կապերի խորացմամբ, որը կնպաստի նաև երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին, ասել է ՀՀ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ հանդիպման ընթացքում Աբրահամյանը կարևորել է Եվրամիություն-ԱԺ համագործակցությունը։
Աժ նախագահը բարձր է գնահատել եվրոպական կառույցների` Եվրամիության, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որը իր նպաստն է բերում բարեփոխումների իրականացմանը և եվրոպական կառույցներում Հայաստանի ինտեգրմանը։
Աբրահամյանը հավաստել է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը Հայաստանը ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու համար:
Նա անդրադարձել է նաև արտաքին քաղաքականության ասպարեզում ձեռնարկված քայլերին` նշելով, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել հարևանների հետ նորմալ հարաբերություններին ու այդ շրջագծում պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առնչությամբ Աբրահամյանը կարևորել է Մայնդորֆյան հռչակագրի ընդունումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորման համար բանակցությունների շարունակումը։
«Ազգային ժողովը պաշտպանում է ՀՀ նախագահի արտաքին քաղաքականությունը և գործադրած ջանքերը՝ տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ», - ասել է Աբրահամյանը։
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ նոյեմբերի 25-26-ին նախատեսված ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը չկայացավ, քանի որ այդ օրերին ՀՀ իշխանության ներկայացուցիչների և հանձնաժողովի անդամների մեծ մասը երկրից բացակայում էր, ուստի ելնելով քննարկումների կարևորությունից, ԱԺ-ն ստիպված էր հետաձգել նիստը:
Ռաուլ դե Լյուցենբերգերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովի անդամները բարձր են գնահատում Հայաստանի և Ազգային ժողովի հետ փոխհարաբերությունները և ըմբռնումով են ընդունել նիստի հետաձգումը:
Նա ԱԺ նախագահին իրազեկել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի և ԵՄ արտաքին կապերի հանձնակատարի ստորագրած համաձայնագրով` բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստան են ուղարկվելու խորհրդատուներ, այդ թվում` նաև խորհրդարան։
Դեսպանը հույս ունի, որ դա կլինի լավ համագործակցության սկիզբ և փորձագետ-խորհրդատուն կկարողանա աջակցել ԱԺ-ին։
Լյուցենբերգերի գնահատականով` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում բարեփոխումների իրականացման հաջաղության համար:
Նշելով, որ ԵՄ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված քայլերն ու ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում է տեսնում խնդրի խաղաղ կարգավորումը՝ դեսպանը նաև կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը տարածաշրջանային զարգացման նոր հնարավորություններ կստեղծի: -0-