GTZ-ը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի տեխնիկական համագործակցության GTZ ընկերությունը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում, ուրբաթ ասել է ընկերության տնօրեն Ֆրանկ Թիբիթանցլը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության աշխատակազմի հասարակայնության ու մամուլի հետ կապերի վարչությունից, Թիբիթանցլը վստահություն է հայտնել, որ Հայաստանում գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության գրասենյակ բացելը հնարավորինս կնպաստի երկկողմ տեխնիկական գործակցության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ առաջիկա համագործակցության ծրագրերի մշակման ընթացքում կառավարության առաջնահերթությունները և առաջարկությունները նկատի առնելու հետ կապված հարցեր:
Վարչապետը գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական համագործակցության մասին` նշելով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԱՄՆ-ից հետո Հայաստանի համար երկրորդ խոշոր ներդրողն է: Երկուստեք կարևորվել են տեխնիկական գործակցության շրջանակներում Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ)-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Ֆրանկ Թիբիթանցլը անդրադարձել է հատկապես մասնավոր ընկերությունների խրախուսման նոր ծրագրերի կարևորությանը: Դրանցից մեկը, ըստ նրա, տարածաշրջանային ծրագիր է, որն արդեն մեկնարկել է և կոչվում է «Հարավային Կովկասում մասնավոր տնտեսության խթանման ծրագիր»։
Նշված ծրագրի շրջանակներում փոխգործակցության նպատակով Հայաստանում գերմանական կողմն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` ճշտելու համար համագործակցության ուղղությունները:
ԳԴՀ դեսպանը և տեխնիկական համագործակցության ընկերության տնօրենը առաջիկա ծրագրերի համար կարևորել են արտահանման խթանման, սննդամթերքի անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքը, համայնքային տնտեսության խթանումը, առևտրի բնագավառում արգելքների վերացմանը նպաստող քայլերի մշակումն ու իրականացումը:
Վարչապետը ևս կարևորելով վերոնշյալ մոտեցումները, ընդգծել է, որ կառավարության համար առաջնահերթ են այն ծրագրերը, որոնք միտված են երկրում խթանելու տնտեսական աճը: Այս խնդիրը, ըստ վարչապետի, այսօր արդիական է ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային տնտեսության համար ընդհանրապես: 2009թ. Հայաստանում իրականացվելիք ցանկացած ներդրումային ծրագիր, Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետք է քննարկել նշված տեսանկյունից:--0--