2008թ.-ին Հայաստանի պետական պահպանության օբյեկտներում կատարվել է գողության 12 դեպք, 10-ը բացահայտվել է
Ընթացիկ տարում Հայաստանի պետական պահպանության օբյեկտներում կատարվել է գողության 12 դեպք` նախորդ տարվա 15 դեպքի համեմատ։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության Պետական պահպանության ծառայության վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։
Նրա խոսքերով, կատարված գողություններից բացահայտվել է 10-ը, որոնցից 8-ը՝ Հայաստանի պետպահպանության ծառայության աշխատակիցների կողմից։
«Պահպանվող բնակարաններում վերջին տարիներին չի գրանցվել գողության ոչ մի դեպք»,- ասաց Զաքարյանը։
Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ պանպանվող օբյեկտների թիվն ամենամյա հաշվարկով աճում է միջինը 10-12 տոկոսով, ինչն իր հերթին վկայում է Ծառայության հանդեպ բնակչության վստահության մասին։
Զաքարյանը հայտնեց նաև, որ Պետպահպանության ծառայության կողմից պահպանվող 4 հազար օբյեկտներից, Հայաստանի կառավարության որոշումով պահպանվում է միայն 140-ը, դրանց թվում՝ էլեկտրակայաններ, ջրամբարներ, կամուրջներ, վարչական շենքեր, մշակութային և պետական նշանակության այլ օբյեկտներ։
«Ինչ վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքին, դրանց պահպանությունն իրականացվում է բացառապես այդ անձանց համաձայնությամբ»,- նշեց Զաքարյանը։
Ըստ նրա, Ծառայության աշխատակիցների ջանքերով ընթացիկ տարում բացահայտվել է 103 հանցագործություն, ոստիկանության բաժանմունքների կողմից հանցագործություն կատարելու կասկածով և վարչական իրավախախտումների համար պատասխանատվության է կանչվել 315 քաղաքացի։
Միաժամանակ գեներալ-մայորը հայտնեց, որ ընթացիկ տարում Ոստիկանության ղեկավար կազմի 900 աշխատակիցներ խրախուսանք են ստացել պատշաճ ծառայության համար։ Դրա հետ մեկտեղ կարգապահական խախտումների համար 76 աշխատակից պատասխանատվության է ենթարկվել, 9-ը՝ հեռացվել ծառայությունից։
Պետական պահպանության ծառայության հիմնական խնդիրներն են՝ պայմանագրային հիմքով պետական պահպանության ենթակա պետական օբյեկտների պահպանությունը, ֆիզիկական և իրավաբանական անձանց տարբեր տեսակի սեփականության, պահպանվող օբյեկտների և հարակից տարածքների անվտանգության և հասարակական կարգի պահպանությունը, օբյեկտների պահպանության պետական, տարածաշրջանային և այլ ծրագրերի պատրաստումն ու իրականացումը։ -0-