Հայ մտավորականությունը նշում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 50-ամյակը

28.11.2008, 16:43
Հայ մտավորականությունը նշում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 50-ամյակը

Հայ մտավորականությունը ուրբաթ հանդիսավոր նիստով նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի 50-ամյա հոբելյանը։

«Արվեստի ինստիտուտի հոբելյանը նշվում է առաջին անգամ, և այսօրվա միջոցառումը թույլ է տալիս հետադարձ հայացք գցել անցած ուղու վրա և արժանի գնահատական տալ Ինստիտուտի հետ այդ ուղին անցած արվեստի գործիչներին»,- հանդիսավոր նիստի ժամանակ լրագրողներին ասաց Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը։  

Նրա խոսքերով, 50 տարվա գործունեության ընթացքում Ինստիտուտը մեծ աշխատանք է կատարել, որն այսօր հպարտության առարկա է։ «Մենք հպարտ ենք, որ 70-80-ականներին Իտալիայում հայկական արվեստին նվիրված բազմաթիվ միջազգային սիմպոզիումներ են կազմակերպվել, ինչի արդյունքում շատ վաստակավոր գիտնականներ ամբողջ աշխարհից, հաղորդակցվելով հայկական արվեստի հետ, հայագետներ դարձան»,- ասաց նա։  

Աղասյանը նշեց, որ հպարտության զգացմունք է առաջացնում այն, որ Գառնու հեթանոսական տաճարի վերականգնման նախագծի հեղինակը Ինստիտուտի աշխատակից, ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանն է։

Խոսելով Ինստիտուտի առաջ կանգնած չլուծված խնդիրների մասին՝ պրոֆեսորը նշեց, որ երիտասարդ կադրերի կարիք է զգացվում։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը հիմնադրվել է 1958 թ.-ին երաժշտական և պատմական տեսության բաժինների հիման վրա, որոնք գործում էին Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի կազմում։

Արվեստի ինստիտուտն ունի 65 աշխատակից, այդ թվում ԳԱԱ երկու թղթակից-անդամ, 11 դոկտոր և 21 գիտության թեկնածու։ Վերջին 5 տարում ինստիտուտը հրատարակել է 54 գիրք և 486 հոդված, որոնցից 66-ը՝ արտասահմանում։ --0--