«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում հավաքեց ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլար
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեին գիշերը կայացած «Հեռուստամարաթոն 2008»-ի շրջանակներում արձանագրեց 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ` կրկնապատկելով նախորդ տարվա ցուցանիշը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հիմնադրամի մամուլի ծառայությունից:
«Նախամարաթոնյան անընդմեջ աշխատանքի ու նվիրումի արդյունքը ավելի քան գոհացուցիչ էր: 100 հազարավոր հայորդիներ համախմբվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ` վերականգնել Հայաստանի և Արցախի գյուղերը»,- ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրությունում։
Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները եղել են Լոս Անջելեսից՝ շուրջ 1,3 մլն դոլար, Լիբանանից՝ շուրջ 200 հազ դոլար, Մոնրեալից՝ շուրջ 130 հազ դոլար, Արգենտինայից՝ 100 հազ, Մեծ Բրիտանիայից՝ 200 հազ., Հոլանդիայից՝ 40 հազ., Ավստրալիայից՝ 50 հազ., Նյու Յորքից՝ 200 հազ., Ֆրանսիայից՝ շուրջ 1 500 հազ., Գերմանիայից՝ 85 հազ., Շվեյցարիայից՝ շուրջ 33 հազ., Տորոնտոյից՝ 50 հազ., Հունաստանից և Կիպրոսից՝ շուրջ 40 հազ. դոլար:
Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքն ընդգրկում է նաև մի շարք միջոցառումների՝ ֆոնետոնի, հեծանվամարաթոնի, ռադիոմարաթոնի, ինչպես նաև բարեգործական համերգների հանգանակությունները։
Բացի այդ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրտավության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը:
Հեռուստամարաթոն 2008-ի խոշոր նվիրատուներից են «Վիվասել ՄՏՍ»-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը և այլոք:
«Մենք կրկին ապացուցեցինք, որ մեր ազգը հզոր է, երբ համախմբվում է»,-ասում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:
Նա նշեց, որ չնայած դժվարություններին ու խոչընդոտներին՝ աշխարհասփյուռ հայերը ձեռք մեկնեցին Հայաստանի ու Արցախի գյուղերում ապրող իրենց հայրենակիցներին։
Հեռուստամարաթոնի պատվավոր հյուրերի շարքում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը, նվիրատուներ ու հասարակական գործիչներ: -0-