Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առավել ակտիվացման համար առկա են բոլոր նախադրյալները. Լուկաշենկո

28.11.2008, 15:55
Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առավել ակտիվացման համար առկա են բոլոր նախադրյալները. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առավել ակտիվացման համար առկա են բոլոր նախադրյալները, հինգշաբթի Մոսկվայում ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ։

«Երկու պետությունների ղեկավարների միջև ստեղծված ջերմ հարաբերությունները մեծապես նպաստում են Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամությանը»,- ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից մեջբերեցին Լուկաշենկոյի խոսքերը:

Բելառուսի նախագահը նշեց, որ ՀՀ արտոգործնախարարի այցը Մինսկ նոր լիցք կհաղորդի երկու բարեկամական երկրների հարաբերություններին:

Ընդգծելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերջին տարիներին դինամիկ զարգացող համագործակցությունը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց փոխայցելությունների, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության, մշակութային և գիտական փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախարար Նալբանդյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունները՝ ավելացնելով, որ 2009 թ. առաջին եռամսյակում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը կարող է խթան հանդիսանալ այդ ուղղություններով առաջընթացի համար: --0--