Հայաստանի ոստիկանության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել
Հայաստանի ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև նախօրեին ստորագրված համագործակցության մասին հուշագիրը վկայում է այս կառույցների միջև հարաբերությունների զարգացման առաջադիմող ընթացքի մասին։
«Հուշագիրը նախատեսում է աշխատանքային խմբի ստեղծում, որը կզբաղվի ոստիկանության և բնակչության միջև գործընկերության ամրապնդմանը, ոստիկանության կրթական համակարգի բարելավմանն առնչվող հարցերով՝ հասարակական կարգի պահպանմանն աջակցելու նպատակով», - ստորագրման արարողության ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։
Ստորագրված փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային խմբի ստեղծում, որը կզբաղվի Հայաստանի համար համայնքային ոստիկանության մոդելի մշակման հարցերով՝ հիմնվելով Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանության բաժնում 2008 թվականի ապրիլից իրականացվող փորձնական ծրագրի վրա։
Սարգսյանի խոսքերով, Հուշագիրը ելնում է համատեղ շահերից և հետագայում կզարգանա փոխըմբռնման ոգով։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն իր հերթին ասել է, որ Հայաստանի ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցությունը, 2003 թ.-ից սկսած, դրական փորձ է կուտակել և այժմ թևակոխում է զարգացման նոր փուլ։
Նրա խոսքերով, շատ կարևոր է, որ Հուշագրում առկա են դեպի կոնկրետ նպատակներն առաջ գնալու մեխանիզմները, իսկ ԵԱՀԿ-ի խնդիրն է մեթոդների և իրագործվող խնդիրների միջոցների միասնականացումը։
Կապինոսն ընդգծել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության նոր փուլում Հայաստանի ոստիկանության գործունեության երեք ուղղություն։ «Ոստիկանությունը պետք է անպայման կողմնորոշվի օրենքի գերակայությամբ, սահմանափակ կերպով խառնվի անձնական կյանքին, պատասխանատվություն կրի քաղաքացիների և պետական իշխանության մարմինների, հատկապես, խորհրդարանի առջև», - ասել է նա։
Կապինոսը նշել է, որ Հայաստանի ոստիկանության և ԵԱՀԿ գրասենյակի միջև համագործակցությունն արդեն կոնկրետ հաջողություններ է բերել ոստիկանության նախապատրաստական կենտրոնի վերակառուցմանն ուղղված նախագծի իրագործման և ուսուցողական ծրագրի մշակման գործում։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2005 թ.-ից ոստիկանության աջակցության ծրագիր է իրականացնում Հայաստանում, որի շրջանակներում 2007 թ.-ի մարտին արդեն ավարտել է ոստիկանության ուսումնական կենտրոնի բարեկարգման աշխատանքները։
«Ապագա ծրագրերի հիմքում ընկած է ոստիկանության կադրերի պատրաստման նպատակով կրթության կատարելագործմանը, դասավանդող կազմի մակարդակի բարձրացմանը և կրթական ծրագրերի կատարելագործմանն ուղղված նպատակները», - ասել է Կապինոսը։
Կապինոսի խոսքերով, Երևանի համայնքներում ոստիկանական բաժանմունքների բարելավմանն ուղղված համագործակցության շրջանակներում մեկ այլ նախագիծ դեռևս ավարտված չէ, սակայն կնպաստի բնակչության և ոստիկանության միջև վստահության հաստատմանն ու խորացմանը, ինչն իր հերթին կնպաստի հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ արդյունավետ գործունեությանը։-0-